«Փաշինյանի այդ բեմականացումը տեսնելիս՝ մտածեցի՝ արդյո՞ք ԱԺ-ի բուժկետն աշխատում է». Ռոբերտ Հայրապետյան
«Գերիների խնդիրը լուրջ է, դեռևս առկախված է, բայց խնդրին չեն անդրադառնում, որովհետև մինչև այսօր գերիների վերադարձի խնդիրը պայմանավորված է եղել մի քանի կոմպոնենտով: Առաջին՝ գերիներ՝ քարտեզների դիմաց, այսինքն՝ ականապատված տարածքների քարտեզները ամբողջությամբ տրվել են Ադրբեջանին, դրա դիմաց վերադարձվել են գերիներ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Երկրորդը՝ գերիներ՝ Մակրոնի բարեսրտության դիմաց արարն էր, որից հետո գերիների թեման կարծես թե փակվեց, որովհետև հիմա իշխանությունը ժողովրդին որևէ բան համոզելու հիմք չունի, այսինքն՝ մենք կանգնած չենք ընտրության շեմին, որ ոմանք մուրճը ձեռքին կանգնած բղավեն, որ գերիները մի երկու ամիս կսպասեն, բայց հետո կվերադառնան, մենք կանգնած չենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առաջ, որ նույն բղավող անձինք հրապարակներում հայտարարեն, թե՝ եթե «այո» ասեք հանրաքվեին, մեր գերիները կվերադառնան, և այլն: Եվ քանի այս իշխանությունը չունի ժողովրդին ինչ-որ բան համոզելու և գերիների հարցը շահարկելու հիմք կամ պատճառ, ցավոք, գերիները շարունակելու են ադրբեջանական բանտերում մնալ, շարունակվելու են նրանց դեմ ծիծաղելի և հորինված դատավարությունները, որոնցից մեկը տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ, և մեր հայրենակիցներից մեկը դատապարտվեց՝ 19-ը, մյուսը՝ 18 տարվա ազատազրկման»,- ասաց իրավաբանը:
Դիտարկմանը՝ հայրենիք վերադառնալուց հետո էլ գերիների դեմ Հայաստանում են քրեական գործեր հարուցվում, նա արձագանքեց. «Դա հարցի մյուս կողմն է, և, ցավոք, դա լուրջ անդրադարձ է ունենալու գերիների՝ հայրենիք վերադառնալու ցանկության վրա»:
Անդրադառնալով կառավարության նիստին Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Արցախում իրավիճակի լարում կա, բայց ինքը զերծ կմնա գնահատականներ տալուց, Ռոբերտ Հայրապետյանը նշեց, որ դա պետական քաղաքական արդյունք է, բայց ոչ Հայաստանի. «Պետություն ասելով՝ խնդրում եմ հասկանալ Ադրբեջանի և Թուրքիայի հանրապետությունները, որովհետև ՀՀ շահով առաջնորդվող անձն ընդհանրապես իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում որևէ քայլ, որ արել է Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկելու համար, չէր անի, իսկ այդ քայլերն անհաշվելի են: Վերադառնալով գերիների խնդրին՝ ուզում եմ ասել, որ անգամ մեր երկրի իրավապահ մարմիններն իրենց գործողություններում մարդասիրության սկզբունքները չեն պահպանում: Այսօր ունենք գերությունից վերադարձած և կալանավորված անձ, որը Ադրբեջանում ծեծի ենթարկվելու արդյունքում ունի ողնաշարի շուրջ կոտրվածքներ, և այդ անձը համապատասխան բժշկական սպասարկում չի ստանում և շարունակում է մնալ կալանքի տակ: Արդյունքում, եթե անգամ խափանման միջոցը փոխվի, անձը դուրս է գալու հաշմանդամություն ունեցողի կարգավիճակում»:
Իրավաբանը նկատեց, որ թուրք-ադրբեջանական օրակարգերը սպասարկողներին չի կարող մտահոգել նաև այն փաստը, որ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին.
«Պատկերացրեք իրավիճակ, երբ Գերմանիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը դուրս գա և կանցլերի հետ հանդիպմանը հայտարարի, թե Արցախը լրջորեն կանգնած է պարենային անվտանգության սպառնալիքի տակ, և փորձի դատապարտել Ադրբեջանին. Դա աներևակայելի քայլ է, դրա համար ես չեմ էլ սպասում Հայաստանի իշխանություններից, որ որևէ գործողություն կանեն կամ կդատապարտեն»:
Ռոբերտ Հայրապետյանն անդրադարձավ նաև օրեր առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հերթական բղավոցներին և սպառնալիքներին. «Պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի՝ բավականին անհանգստացնող պարենային անվտանգության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ այդ բեմականացումը տեսնելիս, ամենայն անկեղծությամբ, առաջին ահազանգը, որ իմ ուղեղում հնչեց, այն մտահոգությունն էր, թե արդյո՞ք ԱԺ-ի բուժկետն աշխատում է, որովհետև ուրիշ ընկալում այդ անձի շեղված վարքագծից ես չէի կարող ունենալ: Երևի շատ էր նեղվել Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստից, բայց դա իրականությունն է: Այդ անձը բարձրացրեց Սանասար-Կուբաթլի հարցը. Մենք գործ ունենք անձի հետ, ով ամեն օր ապացուցում է, որ գաղափար չունի, թե ինչ է բանակցությունը, բանակցային գործընթացը: Այդ հարցը հնչեցնում է անձ, ով կառավարության նիստին կամ ԱԺ-ում հնչեցնում է այնպիսի թեզեր, որոնք ադրբեջանցիներն անգամ նախկինում վախեցել են իրենց երազում հնչեցնել: Հայաստանի նախորդ երեք իշխանություններից որևէ մեկը չի եղել ոչմիթիզական, նրանք բոլորը բանակցել են որոշակի փոխզիջումային քաղաքականության շրջանակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ Արցախի կարգավիճակի տրման շրջանակում: Այդ անձին պետք է հակադարձել հետևյալ հռետորական հարցադրմամբ՝ ի վերջո, հիմա Արցախը Հայաստան է, և վե՞րջ, ի վերջո, դու բանակցել ես քո սեփակա՞ն կետից, թե՞ շարունակել ես Սերժ Սարգսյանի քաղաքականությունը: Եթե սկսել ես քո սեփական կետից, ապա ի՞նչ գործ ունես առհասարակ բանակցային ժառանգության հետ, դրան գումարած՝ հարցնել՝ Սանասա՞ր, թե՞ Կուբաթլի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում