«Վըր լյոխ լավ ըլի, քինական ենք Հադրութ ապրինք, ժինգյալով հաց եմ թխլական, ձեզ էլ ղոնախ ձեն տամ՝ պաժալուստա, եկե՛ք». Էլյա Ասադյան
Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութում 30 տարիների ընթացքում ստեղծած տունը կորցրած 64-ամյա Էլյա Ասադյանն այսօր վարձով բնակվում է Երևանում՝ ամուսնու և երեք տղաների հետ։
168.am-ի հետ զրույցում տիկին Էլյան պատմեց, որ պատերազմի ընթացքում մտածում էր, որ Հադրութը երբեք չի ընկնի, քանի որ պատմության ողջ ընթացքում թուրքը երբեք ոտք չի դրել Հադրութ։
«Հադրութում երկու տուն ունեինք, ռեմոնտ էինք արել։ Չորս տղա ունեմ, մեկն ամուսնացած է ու այսօր էլի վարձով է ապրում, երեք տղաներս ինձ հետ են ապրում։ Որդիներիցս մեկն արցախյան առաջին պատերազմի մասնակից է, 1994 թվականին վիրավորվել է, որի հետևանքով աչքերը չեն տեսնում։ Հադրութում ամեն ինչ ստեղծել ու լավ ապրում էինք։ Ինքս աշխատել եմ Հադրութի հիվանդանոցում, բայց արդեն թոշակի էի անցել։
Պատերազմից առաջ մենք ձմռան պաշար էինք հավաքում, ի՞նչ իմանայինք, որ պատերազմ կսկսվի։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան ես բանկաներս վարունգ էի լցնում, 30-40 բանկա լցրել էի, երբ ձայներ լսեցինք, նույնիսկ թնդանոթները որ տրաքվում էին, գալիս մեր կողքերն էին թափվում՝ Հադրութում ու կողքի գյուղերում։ Երկու տունս լիքը լցրած, մենք հասցրել ենք միայն մեր վրայի շորերով փախնել։ Մենք Հադրութից դուրս ենք եկել, ու թուրքերը մեր հետևից մտել են։ Հադրութից դուրս ենք եկել հոկտեմբերի 10-ին։ Թշնամին կրակում էր մեքենաների վրա, վախենալով՝ մի կերպ հասանք Գորիս, հետո՝ Երևան»,- պատմեց Էլյա Ասադյանը։
Տիկին Էլյա ահասարսուռով է հիշում 1988 թվականի սումգայիթյան ջարդերը, ասում է՝ եղբայրը Սումգայիթում էր ապրում, նրան ադրբեջանցիները սպանել են ու նետել ջուրը, կարողացել են մի կերպ բերել ու հուղարկավորել Արցախում։ Այսօր էլ թշնամու ձեռնագիրը չի փոխվել՝ շարունակում է սպանել խաղաղ հայ բնակչությանը։
«Երբ Հադրութից հոկտեմբերի 10-ին դուրս եկանք, մեր երկու հարևանները չցանկացան թողնել իրենց տունը, ադրբեջանցիները մտել ու մորթել էին նրանց։ Այդ սարսուռն իմ միջից դուրս չի գալիս, նրանք հրեշավոր բաներ ունեն, նրանց հետ ինչպե՞ս կարելի է ապրել, օձեր են, իսկ օձը չի կարող մարդու հետ ապրել։ Թուրքերի հետ ապրելն անհնարին բան է»,- վստահեցրեց Է. Ասադյանը։
Հետո էլ պատմեց՝ երբ Հադրութից դուրս էին գալիս, չէին մտածում, որ պատերազմում պարտվելու են, մտածել են, որ մի քանի օրից պատերազմն ավարտվելու է և իրենք վերադառնալու են Հադրութ։
«Շատ դաժան բան է, 30-40 տարվա մեր ամագները թողել ենք այնտեղ, հիմա ինչո՞վ ենք ապրելու։ Չգիտենք, հիմա մեր տներն ինչ վիճակում են, քանդե՞լ են, այրե՞լ են, ի՞նչ են արել։ Միայն գիտենք, որ եկել ու մեր թաղից մի քիչ հեռու տները քանդել ու մզկիթ են կառուցել, թե՝ տեսեք, սա թուրքերի տեղն է։ Ես այս տարիների ընթացքում չեմ տեսել, որ Հադրութում թուրք լինի կամ թուրք ապրած լինի։ Խաղաղ ժամանակ մի քանի թուրք է եղել, նրանք էլ հովիվներ են եղել։ Բայց ուշ թե շուտ հայերը դրանց հոգիներն ուտելու են, այո, ես հույս ունեմ, որ Հադրութը վերցնելու ենք, մենք էլ գնանք այնտեղ ապրենք։ Ոչինչ, ամեն ինչ նորից կսարքենք, կստեղծենք, միայն թե վերցնենք։
Այս և 90-ականների պատերազմի տարբերությունն այն է, որ այն ժամանակ մենք թշնամուն ջախջախելով՝ առաջ էինք գնում, թուրքը Հադրութ չէր հասել։
Այս ամենն իշխանության մեղքով եղավ, իշխանությունից բացի, որևէ մեկը չէր կարող զորքին ասեր՝ նահանջեք։ Ինչպես է ստացվում, որ պատերազմի առաջին շաբաթը մերոնք լավ դիմադրում ու պաշտպանում էին Արցախը, իսկ մի շաբաթ հետո սկսեցին նահանջել ու նահանջել։
Մեկ է՝ մի օր գնալու ենք Հադրութ, ես այստեղ չեմ ուզում ապրել, նույնիսկ խաղաղ ժամանակներում Երևանում 2 օր չեմ կարողացել ապրել։ Մեր Հադրութը, հողը, ջուրը ուրիշ է, նույնիսկ այստեղ ժինգյալով հաց եմ սարքում, այն համը չունի, ինչ Հադրութինը։ Այստեղի կանաչիները ո՛չ համ, ո՛չ հոտ ունեն։ Հադրութում, երբ մեկ փունջ կանաչի էի դնում սեղանին, տղաս, որ չի տեսնում՝ հոտով զգում էր։ Ինչ ասեմ՝ վըր լյոխ լավ ըլի, քինական ենք Հադրութ ապրինք, արխային կացեք, ժինգյալով հաց եմ թխլական, ձեզ էլ ղոնախ ձեն տամ, պաժալուստա, եկե՛ք, մենակ թե Հադրութը մերը լինի»,- եզրափակեց Էլյա Ասադյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում