Արարատ Միրզոյանի թուրքական արկածները

Մարտի 11–ին մեկնարկում է Անթալիայի դիվանագիտական համաժողովը, որին մասնակցելու է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Զուտ մասնակցության փաստն ինքնին բացասական չէ, շատ ավելի լավ է ներգրավված լինել նման միջոցառումներին և փորձել սեփական օրակարգն առաջ տանել, քան դրանց հետևել կողքից՝ հայտնվելով քաղաքական լուսանցքում։ Բայց Արարատ Միրզոյանի ու ընդհանրապես Հայաստանի իշխանությունների պարագայում խնդիրը հենց սեփական օրակարգի բացակայությունն է։

Ինչի՞ մասին է խոսելու Միրզոյանն Անթալիայում։ Ամենայն հավանականությամբ, «խաղաղ զարգացման դարաշրջանի» մասին, որը պատերազմից հետո մանթրայի նման կրկնում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց դա հայկական օրակարգ կարելի է համարել խիստ պայմանականորեն։

Ամեն գնով, այդ թվում՝ արժանապատվության հաշվին, խաղաղություն հաստատելու առաջարկը, որ Հայաստանի իշխանությունը ներկայացնում է թշնամիներին, իրականում ոչ թե հայկական, այլ թուրքական կամ ադրբեջանական օրակարգ է։ Հայաստանը կարող է և պետք է հայտարարի խաղաղություն հաստատելու իր պատրաստակամության մասին, բայց դրա համար պետք է ունենա և ներկայացնի պայմաններ, որոնք բավարարելու դեպքում միայն կգնա խաղաղության հաստատման։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, խաղաղություն է ցանկանում այնպես ու այնքան, որ պատրաստ է դրան՝ առանց որևէ նախապայմանի։

Առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին հայտարարում է նաև Թուրքիան, բայց դա առնվազն ցինիզմ է, քանի որ թուրքական նախապայմանների մի մասը բավարարվել է արցախյան վերջին պատերազմի արդյունքում, իսկ մյուս նախապայմանները բավարարելու մասին Հայաստանի իշխանությունը շարունակ «դրական ազդակներ է հաղորդում»։

Այսինքն՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու այս գործընթացն այս պայմաններով բխում է, առաջին հերթին ու առավելապես, Թուրքիայի շահերից, ինչը վկայում է այս հարցում ոչ թե հայկական, այլ թուրքական օրակարգի առկայության մասին, որի առաջմղմամբ զբաղված են ոչ միայն թուրք, այլ նաև հայ պաշտոնյաները, այդ թվում՝ թուրքական առողջարաններում։

Անթալիայի դիվանագիտական համաժողովը Թուրքիայի ակտիվ ջանքերով հայտնվելու է նաև համաշխարհային ուշադրության կենտրոնում, քանի որ այնտեղ նախատեսված է Ռուսաստանի ու Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը, որը լինելու է այդ մակարդակի պաշտոնյաների առաջին շփումը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։

Այսինքն՝ Անթալիայում, հնարավոր է՝ շոշափվեն ընդհուպ նոր աշխարհակարգին վերաբերող հարցեր, և հասկանալի է, որ յուրաքանչյուր պետություն պետք է ձգտի անմասն չմնալ այդ գործընթացից։ Այդ տեսանկյունից ևս Արարատ Միրզոյանի մասնակցությունը կարելի է դրական համարել։ Բայց կրկին՝ միայն ֆորմալ առումով։ Բովանդակային հարթությունում Արարատ Միրզոյանը որևէ ասելիք չի ունենալու ռուս-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ, քանի որ Հայաստանը, որպես պետություն, դիրքորոշում չունի այդ հարցի առնչությամբ։

Իրականում Արարատ Միրզոյանի թուրքական վոյաժի միակ առարկայական արդյունքը կլինի տարբեր երկրների արտգործնախարարների հետ լուսանկարների հավաքածուն, որը Նիկոլ Փաշինյանը կարող է տեղադրել սեփական էջում՝ դա ներկայացնելով՝ որպես Հայաստանի իմաստուն արտաքին քաղաքականության արտահայտություն։ Չհաշված, իհարկե, Արարատ Միրզոյանի հանգիստն ու արկածներն Անթալիայում, ուր հայ պաշտոնյաները, հասկանալի պատճառներով, չեն կարողանում մեկնել այլ պայմաններում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս