Ինչո՞ւ Մակրոնը նամակներ հղեց Փաշինյանին ու Ալիևին, և ի՞նչ հարցեր են լինելու Փաշինյանի փարիզյան այցի օրակարգում

Չնայած ռուս-ուկրաինական ֆրոնտում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխարհաքաղաքական գերզբաղվածությանը, Հայաստանի ու Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Մակրոնն ուղերձներ հղեց Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին: Փաշինյանին ուղարկված նամակում Մակրոնը շեշտում է.

  • «Այս օրը նշելու և մեր ընդհանուր հավակնությունն իրագործելու համար, ցանկացա մարտի 9-ին Փարիզում կազմակերպել հանդիպում ֆրանս-հայկական համագործակցության դերակատարների մասնակցությամբ»։
  • «Կարող եք ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը և իրականացմանը»։
  • «Հավատացած եղեք, որ Ֆրանսիան լիովին հանձնառու կլինի առաջիկա տարիներին մեր գործընկերության ամրապնդմանը` դիմագրավելու ժամանակակից աշխարհի բազմաթիվ մարտահրավերներին»:

Ալիևին ուղարկված նամակում Մակրոնը նշում է.

  • «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան նույնպես լիովին հավատարիմ է տարածաշրջանում արդար, կայուն խաղաղությանը և բարգավաճմանն ուղղված ջանքերին աջակցելու իր հանձնառությանը»։
  • «Ես ողջունում եմ Ձեր և Հայաստանի վարչապետի հետ Եվրոպական միության խորհրդի նախագահության ներքո մեր վերջին քննարկումների կառուցողական ոգին։ Ֆրանսիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել քննարկված բոլոր թեմաներով առաջընթացի հասնելու հարցում։ Մասնավորապես, ես շատ եմ մտածում մեր շոշափած թեմայի շուրջ՝ կապված ժառանգության պահպանման խնդրի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հետ»։
  • «Ֆրանսիան նաև մտադիր է ամրապնդել Ադրբեջանի և Եվրամիության միջև կապերը դեկտեմբերի 15-ի Արևելյան գործընկերության գագաթնաժողովում նշված առաջնահերթությունների շրջանակում, որին մենք մասնակցել ենք։

Հուսով եմ, որ մեր երկկողմ կապերը կշարունակեն ամրապնդվել բարեկամության և վստահության ոգով»:

Հատկանշական է, որ Մակրոնին Ալիևը պատասխանել է նամակով, իսկ Փաշինյանը կմեկնի Փարիզ:

Ալիևը նշել է, որ քառյակի ձևաչափով Ֆրանսիայի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումներն ու բանակցությունները՝ որպես Եվրոպական Միության ներկայիս նախագահող երկիր, բարենպաստ հնարավորություններ են բացել վստահության ամրապնդման, տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման համար։

«Ադրբեջանը խաղաղության կողմնակից է: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնված միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը։ Կարևորելով այս հարցում Հայաստանի կառուցողական դիրքորոշման դրսևորումը, մենք հուսով ենք Ֆրանսիայի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգին»,- ասված է նամակում:

Վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում ասաց, որ կարևոր է հասկանալ, թե ինչ աշխարհաքաղաքական դերակատարություն է սկսում ստանձնել Ֆրանսիայի նախագահն ուկրաինական պատերազմի ֆոնին` փորձելով անձամբ վարել եվրոպական քաղաքականությունը Ռուսաստանի, այսպես կոչված, ազդեցության գոտիներում և Ռուսաստանի հետ դիմակայության շրջանակում:

Ըստ նրա, որքան էլ նրա ջանքերն անարդյունավետ են թվում, սակայն Մակրոնը կարողանում է նման բարդ ժամանակաշրջանում պահպանել երկխոսությունը, հասնել շատ թույլ արդյունքների, ինչպիսին նախօրեի կարճաժամկետ հումանիտար հրադադարն էր, որը ձեռք բերվեց, այդ թվում, Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի արդյունքում:

«Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի ավելի կոշտ ու հեռադիր դիրքավորման ֆոնին՝ Մակրոնը բոլոր ուղղություններով դարձել է գլխավոր եվրոպական բանակցողը: Հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության գոտում ձեռք բերված պայմանավորվածությունների փխրունությունը, այս տարածաշրջանի կարևորությունը, ինչպես նաև Արևմուտքի փխրուն դիրքերը, այստեղ նույն դերը Մակրոնն իրացնում է նաև այս ուղղությամբ՝ փորձելով լինել բանակցային միջնորդ: Դա ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև ներքաղաքական նշանակություն ունի, քանի որ Մակրոնը հավակնում է նախագահել երկրորդ ժամկետով: Ղարաբաղյան հակամարտության հարցում բովանդակային առումով Արևմուտքի համար կա երկու սցենար՝ կամ շարունակվում է նախկին ընթացքը, նախկին պայմանավորվածությունները, որոնք կարծես ներառում են Խաղաղության համաձայնագիրը, կամ այս գծի տապալում, քանի որ Ռուսաստանը խառնել է քարտերը, և այսօր ուկրաինական ելքից շատ բան է կախված:

Մակրոնի ջանքերը ցույց են տալիս, որ Եվրոպան չի պատրաստվում կորցնել այս տարածաշրջանը, և կոնկրետ ծրագրեր ունի, որի անհրաժեշտ մասը նաև հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցելն է: Հարցն այն է, որ զարգացումների ընթացքից շատ բան է կախված, դրանք որոշում են նաև մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական ապագան:

Ներկայումս Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ, քանի որ Հարավային Կովկասում իրեն քիչ թե շատ վստահ է զգում, իսկ Արևմուտքը թե՛ Ուկրաինայի, թե՛ այլ տարածաշրջանների, այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանից չհեռանալու և ավելի հաստատվելու խնդիր ունի:

Այս փուլում ԵՄ-ն աշխատում է Ֆրանսիայի նախագահի և ԵՄ ղեկավարի միջոցով, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի աշխատում ու այս իրադարձությունների հետևանքով կանգնել է էլ ավելի լուրջ մարտահրավերների առջև»,- ասաց վերլուծաբանը:

Ըստ նրա՝ Մակրոնի հետ առաջիկա հանդիպումները բովանդակային առումով վերոնշյալ տրամաբանության շրջանակում են լինելու:

«Կարծում եմ՝ միջազգային իրավիճակն այնքան հագեցած է, որ թեմաների պակաս չկա՝ ինչպես տարածաշրջանում կոնկրետ իրավիճակը հակամարտության գոտում, քանի որ նաև միջադեպեր էին եղել, վստահության ամրապնդման մեխանիզմներ և ապագայի տեսլական, որը ներառում է նաև խաղաղության ուղղությամբ շարժվելը: Հետաքրքիր է, որ Խաղաղության համաձայնագրի թեման առավելապես քննարկվում է եվրոպական միջնորդության շրջանակում, և այդ հարցը կարծես լինելու է եվրոպական օրակարգում, սակայն, երբ կարող է լինել առաջընթաց այս ուղղությամբ, կդժվարանամ ասել: Իհարկե, այս ամենից դուրս չի մնալու նաև Ռուսաստան-Արևմուտք սուր դիմակայության թեման»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս