Ինչո՞ւ է Պուտինը փոփոխություններ նախաձեռնել ՀԱՊԿ-ում. Եվսեևը՝ Հայաստանի չեզոքության և պատերազմի վերջնաժամկետների մասին

Ռուս-ուկրաինական պատերազմին զուգահեռ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ է նախաձեռնել:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելության համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը, որը նախատեսում է «համակարգող պետության» կարգավիճակի ստեղծում։

Այդ «համակարգող պետության» հովանու ներքո են ձևավորվելու ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար։

Փոփոխության համաձայն՝ «խաղաղության ապահովմանն ուղղված ՄԱԿ-ի առաքելություններին մասնակցելու համար՝ հավաքական խաղաղապահ ուժերը ստեղծվում են համակարգող պետության հովանու ներքո»։

«ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հավաքական խաղաղապահ ուժերի մասնակցության պայմանները սահմանվում են համաձայնագրում, որը համակարգող պետությունը կնքում է ՄԱԿ-ի լիազոր մարմնի հետ»,- նշված է փաստաթղթում:

Այնուհետև հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ-ի համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, Դուշանբեում։ ՀԱՊԿ-ի անդամ են հետխորհրդային 6 երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը։

168.am-ի հետ զրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և ՇՀԿ զարգացման բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը շատ կարճ անդրադարձավ մի քանի թեմաների՝ նշելով, որ ՀԱՊԿ շրջանակում մշտապես եղել է մեկ համակարգող պետություն, դա Ռուսաստանի Դաշնությունն է:

Նրա խոսքով, այդ կառույցում Ռուսաստանը մշտապես առանցքային երկիր է եղել, ռուսական կոնտինգենտը, օրինակ, հիմնականն էր Ղազախստանում խաղաղապահ օպերացիա անցկացնելու հարցում:

«Այնուամենայնիվ, դեռ լիովին ծանոթ չեմ փոփոխությանը, ինձ համար լիովին հասկանալի չէ, թե դա ինչ կապ կարող է ունենալ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, որովհետև ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի մասնակցում Ուկրաինայի կոնֆլիկտին, ինչպես Բելառուսը, ՄԱԿ-ի հարց ևս չկա: Գուցե սա ապագայի համար է արվում: Բայց այս պահին այս պրոտոկոլը դեռ կապ չունի այն գործընթացների հետ, որոնք ծավալվել են Ուկրաինայում»,- ասաց Եվսեևը:

Նա անդրադարձավ ռուսական մամուլում շրջանառվող մեկ այլ թեմայի ևս, որն առնչվում է վերջերս ճանաչված Դոնեցկի ու Լուգանսկի ՀԱՊԿ անդամակցության հետ:

«Դոնեցկն ու Լուգանսկը կարող են դառնալ ՀԱՊԿ անդամ, եթե նրանց ճանաչեն ՀԱՊԿ մյուս անդամ երկրները: Ներկայումս դժվար է հասկանալ իրադարձությունների տրամաբանությունը: Դեռ ուղիղ դա չի երևում»,- ասաց նա:

Եվսեևի խոսքով՝ սա գուցե վերաբերում է միմիայն ՄԱԿ-ի առաքելություններին:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանի չեզոքությանը և միջազգային կազմակերպություններին ՀՀ «ձեռնպահ» քվեարկություններին՝ Եվսեևն ասաց, որ ՀՀ չեզոքությունն ավելի լավ է, քան Արևմուտքի հետ «մասնակցությունը»:

«Միևնույն ժամանակ հետսովետական տարածքում բազմավեկտորության քաղաքականություն վարում են գրեթե բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, և դա դառնում է վնասակար, քանի որ, երբ կա Ռուսաստան-Արևմուտք կոշտ դիմակայություն, ապա պետք է ընտրել պետության առաջնահերթությունները: Հայաստանը ցանկանում է լինել թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ, բայց այս իրավիճակում գոնե չեզոքությունն ավելի լավ է, քան հակառակորդը, Հայաստանի համար դա լավագույնն է:

Ուկրաինայում մեծ հայ համայնք կա: Լավ կլիներ, որպեսզի Հայաստանն իր համայնքներին բացատրեր Ռուսաստանի քաղաքականությունը, ինչո՞ւ Ռուսաստանը սա սկսեց, դրանով աջակցեր Ռուսաստանին, այս իմաստով նման չեզոքությունը Ռուսաստանի համար նույնիսկ դրական կլիներ: Սփյուռքի հետ պետք է աշխատել, հասկանում եմ, որ Սփյուռքը ևս աշխարհաքաղաքական տեսանկյունից միատարր չէ, ու դա այդքան էլ հեշտ խնդիր չէ, բայց հայերն այնուամենայնիվ մեզ ավելի մոտ են, քան այլք»,- ասաց նա:

Հարցին, թե որքա՞ն կձգվեն ռազմական գործողություններն Ուկրաինայում՝ Եվսեևը պատասխանեց, որ դեռ շատ նախնական հաշվարկներ ու վերլուծություններ կան: «Կասեմ շատ նախնական, որ ռազմական օպերացիան կձգվի մեկ ամիս»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս