«Փաշինյանի ասածը ծիծաղ է առաջացնում. մենք 7 մլրդ խմ ջուր ունենք՝ 5 միլիարդը կորցնում ենք». Հարություն Մնացականյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գյուղացիներին կոչ է արել հնարավորինս շատ հողեր մշակել, քանի որ ակնկալվում է պարենային անվտանգության մարտահրավեր:

«Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ»,- ասել է Քերոբյանը:

Արդյո՞ք Կառավարության քայլերն ու գործողությունները միտված են նրան, որ գյուղատնտեսությունը դառնա ավելի հրապուրիչ, թե՞ միայն գյուղմթերքի գների բարձրացումով են փորձում հրապուրիչ դարձնել:

Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանի կարծիքով՝ կառավարության քայլերը բավարար չեն գյուղատնտեսության զարգացման համար:

«Թերի քայլերով շոշափելի արդյունք չեն կարող ստանալ: Կառավարության նիստին Փաշինյանն ինքը փաստեց, որ այդ ծրագրերն ամբողջ ծավալով չեն իրականացվում, ինչի մասին հենց ձեր եթերից նախորդ տարվանից խոսում էինք»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ միայն թանկացումները չեն կարող գյուղատնտեսությունը հրապուրիչ դարձնել:

«Թանկացումներն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, օրինակ՝ պարարտանյութերից սկսած, վառելիքից վերջացրած թանկացումը: Պարարտանյութը 300 տոկոսով է թանկացել, դիզվառելիքն անցյալ տարի այս օրերին արժեր 270-280 դրամ, հիմա արժե 510 դրամ: Այդ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ինքնարժեքը բարձրանում է, ինչին հետևում է թանկացումը: Այսինքն՝ գյուղացու համար, ընդհանուր առմամբ, նույն վատ վիճակն է, ինչ էժան ժամանակ»,- ընդգծեց նա:

Գործադիրը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը:

Ծրագիրը կիրականացվի 2022թ. բոլոր մարզերում։ Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։

Հարություն Մնացականյանը նկատեց՝ եթե 3 հեկտար հողատարածքներում մշակություն իրականացնելու համար են սուբսիդավորում, բա խոշորներն ի՞նչ անեն. «Գյուղատնտեսությունը հիմնված է խոշորների վրա, ոչ թե մանր գյուղացիական տնտեսությունների: Ենթադրենք, գյուղացին գնում է 18.000 դրամով, սուբսիդավորումը դառնում է 9000 դրամ, խոշորը, լավ, թող գնի 16.000 դրամով, բա ի՞նչ է անելու, ո՞նց է փակելու այդ ծախսերը խոշորը: Դրա համար գնաճ է տեղի ունենալու, ինչը չի բերելու գյուղացու համար մեծ շահույթներ: Գյուղատնտեսությունը գրավիչ դարձնելու համար այլ գործառույթներ են հարկավոր, օրինակ՝ սելեկցիոն կայանների և սերմնաբուծարանների ճիշտ զարգացումը, ոռոգման համակարգի բարելավումը:
Երեկ ուղղակի ծիծաղ առաջացրեց՝ երկրի վարչապետը կառավարության նիստի ժամանակ ասում է՝ մենք ջրի խնդիր ունենք: Արտասահմանյան ցանկացած երկրի ներկայացուցիչ՝ իմանալով մեր ջրի պաշարի, ջրի կորուստների մասին, ուղղակի բարձր կծիծաղի: Մենք 7 մլրդ խորանարդ մետր ջուր ունենք, 5 միլիարդը կորցնում ենք: Մենք ջրի խնդիր չունենք, մենք կառավարման խնդիր ունենք, ոռոգման համակարգի կառավարումը խայտառակ վատ վիճակում է: Երբ 70 տոկոս ջրի կորուստ ես ունենում, դա չի նշանակում, որ ջրի խնդիր ունես, դա նշանակում է՝ կառավարման խնդիր ունես»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս