COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 440 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 3-ի առավոտվա դրությամբ կազմել է 440 միլիոն 172 հազար 104: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 972 հազար 607 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 79 միլիոն 143 հազար 716 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 954 հազար 518-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 42 միլիոն 945 հազար 160-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 514 հազար 388 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 28 միլիոն 846 հազար 459 հիվանդացած, նրանցից մահացել է 650 հազար 254 մարդ:
Չորրորդ դիրքում Ֆրանսիան է: Երկրում միագումար գրանցվել է 23 միլիոն 17 հազար 711 ախտահարված եւ 139 հազար 781 մահ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մարտի 3-ի առավոտվա դրությամբ կազմել է 768,9: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2931, Հնդկաստանում՝ 367, Բրազիլիայում՝ 3022, Ֆրանսիայում՝ 2118 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: