
Արցախի նախագահի մոտ քննարկել են վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետաջակցության ծրագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
Զեկուցմամբ հանդես են եկել ֆինանսների նախարարը, Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների ղեկավարները՝ ներկայացնելով ծրագրի կատարման ընթացքը, արձանագրված հաջողություններն ու դժվարությունները:
Ծավալված շահագրգիռ քննարկումից հետո երկրի ղեկավարը նշել է, որ պետք է բանկային համակարգի պատասխանատուների հետ շարունակել ձևավորված օրակարգի շուրջ աշխատանքները՝ ապահովելու համար պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը: Խորհրդակցության ընթացքում նախագահ Հարությունյանը նաև մի շարք հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ: