«Ուկրաինայում կատարվողը միութենական նախագծի կարևոր մասերից մեկն է». Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանի նկատմամբ հավաքական Արևմուտքի պատժամիջոցներն ավելի շատ PR-ի և հոգեբանական ճնշման նպատակ ունեն, որպեսզի ՌԴ բնակչությունը դժգոհություն արտահայտի վարվող քաղաքականության հանդեպ:

«Նույնիսկ ԵՄ շատ երկրներում ռուս ուսանողներին դուրս են հանում համալսարաններից, ինչը ևս որոշակի սանկցիա է և նպատակ ունի ուղղակի անհատի մակարդակով դժգոհություն հասունացնել: Սանկցիաների հիմնական նպատակը հենց այն է, որ բոլոր խավերի մոտ դիսկոմֆորտի զգացում առաջացնեն, կյանքի սովորական ռեժիմից դուրս գա երկիրը, մարդիկ անձամբ իրենց մաշկի վրա զգան բոլոր այն անհարմարությունները, որոնք առաջանում են պատերազմի պատճառով, իշխանության վարած քաղաքականության պատճառով. սկսած օլիգարխներից, որոնց նկատմամբ ուղղակի սանկցիաներ են կիրառվում՝ ֆինանսական, տնտեսական, այդ թվում՝ երկրում լինել-չլինելու ռեժիմով, վերջացրած անգամ դրսում սովորող ուսանողներով»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Քաղտեխնոլոգը ենթադրում է՝ քանի որ Ռուսաստանը բավականին երկար ժամանակ էր նախապատրաստում այս գործողությունը, ապա կանխատեսվում էր, թե կոլեկտիվ Արևմուտքն ինչ քայլերի կարող է գնալ. «Բոլոր այս պատժամիջոցները կանխատեսելի էին, չեմ բացառում, որ գուցե կար նաև ինֆորմացիա, թե որն է այն սահմանը, որից այն կողմ հավաքական Արևմուտքը չի գնալու: Մենք տեսնում ենք, որ հավաքական Արևմուտքը բավականին թիրախային է ամեն ինչ իրականացնում, նույնիսկ SWIFT-ից անջատվում են այն բանկերը, որոնք կենսական նշանակություն չունեն Արևմուտքի համար՝ էներգետիկ վճարումները չեն սպասարկում: Պատերազմի սկսման օրվանից արձանագրվել է, որ պատմական մաքսիմումի է հասել Ուկրաինայով գազի մուտքը Եվրոպա: Այսինքն՝ պատերազմող երկրներ Ուկրաինան և Ռուսաստանը գազային տրանզիտային գոտին հիմա շատ ավելի ակտիվ են աշխատեցնում, սա նշանակում է, որ հայտերն ավելացել են, որովհետև անորոշությունն Արևմուտքում առաջացրել է աժիոտաժային պահանջարկ»:

Վիգեն Հակոբյանն անդրադարձավ նաև այն վարկածներին, որ ռուս-ուկրաինական պատերազմը ռուս-ամերիկյան պայմանավորվածության տիրույթում է:

«Միանշանակ չեմ կարող այդ մասին պնդել, բայց իմ կարծիքով՝ Ռուսաստանը կստանա իր ուզածը, Արևմուտքը կստանա այն, ինչ իրեն կբավարարի, Արևմուտք ասելով՝ նախ և առաջ ԱՄՆ-ը նկատի ունեմ, որովհետև նույն Եվրոպայում կան երկրներ, որոնք մինչև վերջին պահն էլ մեծ ճիգեր էին գործադրում, որպեսզի նման գործողությունների չհասներ: Միացյալ Եվրոպան ավելի մեծ ցանկություն ուներ նույն Ռուսաստանի հետ հնարավորինս սերտ համագործակցել, հիմա էլ նրանք փորձում են իրավիճակը չհասցնել անդառնալի ինչ-որ մի կետի, որովհետև Եվրոպայի և ԱՄՆ-ի շահերը ոչ միշտ են համընկնում»,- պարզաբանեց նա:

Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ ուկրաինական ճակատում Ռուսաստանի մասնակցությամբ ընթացող պրոցեսը հենց միութենական նախագծի կարևոր մասերից մեկն է. «Դրանով է պայմանավորված լինելու, թե որքանով դրական արդյունքի ռուսները կգան: ՌԴ-ի համար հիմա գլխավոր խնդիրը հաղթելը չէ, այլ՝ մարսելը, թե ինչպիսին կլինի այդ հաղթանակի ընկալումը: Մինչև այս պահը կիրառվում է փոքր արյամբ արդյունքի հասնելու խնդիրը: Չեմ կարծում, որ գերխնդիր է, օրինակ, Կիևը գրավելը, այլ ճնշման տակ այն պայմանները, որոնք դրվելու են, ընդունվեն հակառակորդի կողմից: Տվյալ դեպքում խնդիրը ոչ թե Ուկրաինայի կողմից իր պարտությունն արձանագրելու մեջ է, այլ Արևմուտքի կողմից ստիպելն է, որպեսզի դադարեցվի այդ դիմադրությունը: Հիմա պրոցեսը գնում է ավելի շատ միութենական մեծ գործընթացում լուրջ պլացդարմներ դնելու համար, դրանից է կախված լինելու, թե այլ պոտենցիալ մասնակիցներն ինչ վերաբերմունք կունենան Ռուսաստանի ծրագրերին»:

Միևնույն ժամանակ, նա չի կիսում այն կարծիքները, թե ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանն ակտիվ գործողություններ կանի՝ միութենական պայմանագրի ակտիվացման շուրջ. «Դա կախված է լինելու այս պատերազմի փաստացի, քաղաքական և աշխարհաքաղաքական արդյունքներից: Եթե ՌԴ-ն հանկարծ ցանկություն ունենա, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը գոնե ֆորմալ առումով աջակցի, խոսքը քաղաքական հայտարարության մակարդակի մասին է, ապա չեմ կարծում, թե շատ լուրջ դիմադրություն է լինելու այս առումով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս