Իմ գործերը քննած դատավորներին բարձրից ասում եմ՝ ամոթ ձեզ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հաստատության գոյության ողջ պատմության ընթացքում երբևէ առաջին անգամ Հայաստանի ՄԻՊ-ը դիմել է իրավապահ մարմնին և ասել է՝ քրեական գործ հարուցեք: Խոսքը վերաբերում է իշխանության աջակից բարձրաստիճան անձանցից մեկի գրառմանը՝ կապված լրագրողների նկատմամբ ծեծի հետ:
Այս մասին իր 6-ամյա գործունեության ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով իր հասցեին պաշտոնատար անձի կողմից հնչած վիրավորանքների ու դրանց վերաբերյալ քրեական գործի առկայության վերաբերյալ հարցին:
«Ես պահանջել էի, որ քրեական գործ հարուցեն ՄԻՊ-ին վիրավորելու և նաև բռնություն խրախուսելու համար: Բռնություն խրախուսելու համար հարուցել էին, վիրավորելու համար՝ չէ: Բերել են, հարցաքննել են, նա ինչ-որ այլ մեկնաբանություն է արել, և իմ կարծիքով, արհեստական ուղղությունով, քաղաքական լուծումով մերժել էին քրեական գործի հարուցումը»,-ասաց Պաշտպանը:
Շարունակելով թեման՝ վերջինս նկատեց՝ ինքը չի բարձրաձայնել այս մասին ու գնացել է բողոքարկման ճանապարհով:
«Մինչև կհասնեինք Վճռաբեկ դատարան, վիրավորանքին վերաբերող գործը կարճվեց: Հիմա հարց՝ դուք վիրավորանքը քրեականացնում եք, մարդկանց դնում եք այս ազդեցության տակ, բայց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մասին հատուկ հոդված կա, որը կոչված է նրան պաշտպանել, գոնե ձևական քրեական գործ չե՞ք հարուցում: գոնե ասեին՝ լավ, հարուցենք, հետո կարճենք»,-տարակուսեց Պաշտպանը:
Ըստ նրա՝ ինքը չի դիմել, որ այդ մարդու հետևից ընկնեին, քրեական գործ հարուցեին. այն կարևորությունը չուներ այդ անձը: Ինքը դիմել էր սկզբունքորեն կառույցը պաշտպանելու միտումով:
«Ես բողոքարկել եմ առաջին ատյան, մերժել են, երկրորդը մերժել են, հիմա Վճռաբեկում է: Այդ բոլոր դատավորներն ինձ լավ գիտեն: Չեմ ուզում էժան թեմաների մեջ մտնել ու անուններ հրապարակել, բայց ես ուզում եմ բարձրից ասել այս դատավորներին, ովքեր այդ գործը քննել են՝ ամոթ ձեզ, պարոնայք, երկակի ստանդարտ զարգացնողներ…»,- ասաց Արման Թաթոյանը:
Մի ուշագրավ հանգամանքի վրա ևս ուշադրություն բևեռեց Պաշտպանը. Այս գործը ստորադաս ու վերադաս ատյաններում քննել են հայր ու որդի դատավորներ:
«Նախ կարո՞ղ եք ինձ ասել՝ վերադաս ու ստորադաս ատյաններում ինչ գործ ունեն հայր ու տղա…:Գոնե տանեին ուրիշ դատարանում նշանակեին, էդքան մասնագիտացված դատարաններ կան: Հիմա այստեղ դու կարո՞ղ ես ակնկալել անաչառություն: Ինձ ո՞վ կարող է համոզել, որ դա հատուկ ձեռքով չի մակագրվել»,-ասաց Արման Թաթոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: