Քննարկում ենք դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը․ Փաշինյան

Կառավարության ասյօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նկատվում է COVID-ի իրավիճակի որոշակի կայունացում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր հերթին՝ ասաց, որ վերջին շաբաթների տենդենցը հուշում է, որ գնում ենք կայուն նվազման։

«Երեկ թեստավորվել է 4759 քաղաքացի, նոր դեպքերն 946 են, ցավոք, ունենք 24 մահ։ Այս պահին Հայաստանում շրջանառվում են Օմիկրոն շտամի B1-1 և B1-2 ենթաշտամերը, մենք ամեն շաբաթ ընտրանքային հետազոտություններ ենք իրականացնում, և կարծես Դելտա շտամն իսպառ դուրս է մղվել Օմիկրոն շտամի ազդեցության ներքո։ Մենք տեսնում ենք այս շտամի նվազ հիվանդացության խստություն, բայց միևնույն է, այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, ունեն քրոնիկ հիվանդություններ, ունենում ենք ծանր դեպքեր, այնպես որ, պատվաստման առումով մեր զգոնությունը պետք է շարունակենք պահպանել, հատկապես տարեց քաղաքացիների և քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացիների պատվաստումներն օր առաջ կազմակերպենք»,- ասաց Առողջապահության նախարարը։

Շարունակելով պատվաստումների թեման՝ Ավանեսյանը տեղեկացրեց, որ 65 տարեկանից բարձր քաղաքացիների 40 տոկոսն արդեն պատվաստվել է, որը հատկապես աճել է վերջին 1-2 ամիսներին․

«Այս պահին ունենք 1-ին դեղաչափը ստացած 1.080.715 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 47.9 տոկոսը, և 2-րդ դեղաչափը ստացած, այսինքն՝ ամբողջությամբ պատվաստված 905.624 քաղաքացի, որը կազմում է 40 տոկոսը։ Իրականացնում ենք նաև 3-րդ խթանիչ դեղաչափով պատվաստումներ, ունենք արդեն 20.169 քաղաքացի, որոնք ստացել են բուստեր դեղաչափը»։

Անդրադառնալով համավարակով պայմանավորված հիվանդանոցների ծավալմանը՝ Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթվանից կգնան հետծավալման աշխատանքների և որոշակի մահճակալների կրճատման ընթացք կսկսեն։

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Օմիկրոն շտամի մեր երկիր մուտք գործելու սկզբնական շրջանում վարակվածության տեմպերը․

«Օրական աննախադեպ թվեր ունեցանք՝ մինչև 4500-ի կարգի, բայց դրանից հետո մեր թվերը կայուն նվազում են։ Մասնագետներն ըստ էության մեզ ասում են, որ նվազման տեմպը շարունակվելու է, և հիմա մենք քննարկում ենք նաև դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը, նույնիսկ փակ տարածքներում մենք պարզապես դիմակը ոչ թե պարտադիր կրման ռեժիմում կունենանք, այլ խորհուրդ կտրվի ուղղակի կրել դիմակ․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս