«Բաքվում Ալիևի ելույթը բոյկոտեցինք, մերժեցինք ընդհանուր ընթրիքը, ակցիա կազմակերպեցինք». Հովհաննես Սահակյան

Եվրանեսթի շրջանակներում Հայաստան այցելած ադրբեջանցի պատգամավորներին Նիկոլ Փաշինյանն անձամբ ընդունեց: Թե ինչ նպատակով Փաշինյանը նման քայլի գնաց, դժվար է ասել, բայց փաստ է, որ հայազգի պատգամավորները Բաքվում երբևէ նման ընդունելության չեն արժանացել:

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը ժամանակին Եվրանեսթի շրջանակներում եղել է Բաքվում: 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում նա մանրամասնեց, թե ինչ ընդունելության է արժանացել այնտեղ հայկական պատվիրակությունը:

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու Փաշինյանն ընդունեց ադրբեջանցի պատգամավորներին, որովհետև անձամբ ես 2012թ. ապրիլի 1-2-ին եղել եմ Բաքվում: Այնտեղ ոչ միայն մեզ չի ընդունել Ալիևը, ԱԺ նախագահը և այլք, այլև այնտեղ բոլորը միահամուռ՝ իշխանական թե ընդդիմադիր, եվրոպացիների ներկայությամբ բոլորը խոսում էին այն ժամանակ իբր իրենց օկուպացված տարածքների, մեր ագրեսիայի մասին, տարբեր բնույթի մեսիջներ և տեղեկատվություն էին տալիս նաև իրենց պառլամենտում: Էլ չեմ խոսում հյուրանոցի մոտ կազմակերպված այն պիկետներից, որոնք, բնականաբար, իշխանության կազմակերպածն էր»,- ընդգծեց նա:

Նա նշեց, որ անվտանգության երաշխիքներ հայկական պատվիրակությանն էլ է տրվել, երբ եղել են Բաքվում, բայց նման ընդունելության չեն արժանացել.

«Նրանց ընդունելով՝ ի՞նչ ես ասում, որ ամեն ինչ նորմա՞լ է: Այդքան բացատրելու և խոսելու բան էլ չկա, որովհետև ամեն ինչ պարզ է: Երբ մենք Բաքվում էինք, և Ալիևը ԱԺ-ում ելույթ ունեցավ և նորից շեշտեց իրենց երկրի 20 տոկոսի օկուպացիայի մասին, մենք բոյկոտեցինք այդ նիստը, մերժեցինք նաև ընդհանուր ընթրիքը:

Դա ընդհանուր Եվրանեսթի ընթրիքն էր: Մի ամբողջ օր ամբողջ ադրբեջանական պառլամենտի նախագահից մինչև Եվրանեսթի շրջանակներում մեզ հետ աշխատող պատգամավորներ, մեզ համոզում և խնդրում էին, որ մենք այդ ընթրիքին մասնակցենք, բայց մենք մերժեցինք և չմասնակցեցինք:

Մենք էլ մեր քայլերով մեր դիրքորոշումը հայտնեցինք: Էլ չեմ ասում՝ այնտեղ մեր պատգամավորները, հատկապես՝ կին պատգամավորները, անմիջապես թռուցիկներ պատրաստեցին, բաժանեցին, մենք էլ այնտեղ ակցիա արեցինք: Բայց այստեղ ստացվում է, որ մեր պետության ղեկավարները, պատասխանատվություն ունեցողները և պետության կուրսը որոշողները ընդունում են ադրբեջանցի պատգամավորներին և զրուցում նրանց հետ: Ես չեմ տեսել պարզ մեկնաբանություն, թե ինչի մասին են զրուցել: Պետք է պահանջել, որ պաշտոնապես ներկայացվի, թե ադրբեջանցի պատգամավորների հետ ի՞նչ են զրուցել: Միգուցե զրուցել են Շուշին ու Հադրութը վերադարձնելու մեր տեսանկյունի մասին, որպեսզի նրանք գնան և Ալիևին համոզեն»:

Հարցին՝ եթե անգամ դրա մասին իշխանությունները այստեղ չեն խոսում, ինչպե՞ս պետք է նրանց համոզեին, Հովհաննես Սահակյանը պատասխանեց.

«Ոչ միայն չեն խոսում, նայեք՝ պատերազմից հետո «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսը չկա, Արցախ չեն այցելում պետական պաշտոնյաները, սա վատ մեսիջ է: Ալիևը, որ սպառնում է, թե կարող է ճանապարհը փակել, անցակետեր դնել, այդ ճանապարհը օրուգիշեր անընդհատ պետք է գործի, բոլորս եթե շաբաթ-կիրակի ժամանակ ունենք, պետք է գնանք Արցախ: Արցախն այսօր մեր կարիքն ունի: Մենք չենք կարող թողնել Արցախը: Իմ տրամաբանությունից դուրս է այն մտածելակերպը, թե Արցախը տանք՝ էլ պատերազմ չի լինի. պատերազմն արդեն Վարդենիսում է, արդեն Իջևանի, Ոսկեպարի, Նոյեմբերյանի ուղղությամբ է, Արարատյան դաշտում՝ Երասխի ուղղությամբ է: Եվ ի՞նչ ենք անում մենք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս