Ռոբերտ Քոչարյանից նախագահի թեկնածու դառնալու առաջարկ չեմ ստացել. Բագրատ Սրբազան
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով հանրապետության նախագահի թեկնածուի մասին, որպես հայ ազգին համախմբող լուծում՝ առաջարկեց դիտարկել որևէ հոգևորականի այդ պաշտոնում առաջադրելու հարցը։
«Եթե մենք ուզում ենք իսկապես ունենալ անաչառ և ազգային շահերով առաջնորդվող նախագահ, երբ մեր ազգը բևեռացված է, երբ մարդ է պետք, որը կկարողանա ինչ-որ կամուրջներ փնտրել և փորձել միավորել, մեր ազգային, մեր վտանգված ինքնությունը պահպանել, լավագույն տարբերակն այս պահին Հայ Առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազանը կլիներ: Հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնն իմ համոզմամբ»,- նշել էր երկրորդ նախագահը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադարձավ հնչեցված այս առաջարկին և ասաց` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին պատրաստ է դիտարկել որևէ հոգևորականի ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու հարցը, եթե նման առաջարկի շուրջ լինի քաղաքական համախոհություն, որը, սակայն, չկա։
Հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Ռոբերտ Քոչարյանը հենց իրեն է առաջարկ արել հանդես գալ՝ որպես նախագահի թեկնածու, սրբազանը պատասխանեց.
«Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ոչ, բացի այդ, ես առանձին անհատ չեմ. Մայր աթոռում պետք է որոշում կայացվեր, բացի այդ, չենք էլ մտածել այդ մասին»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում