Ասում են՝ մենք ընտրվել ենք ժողովրդի կողմից. իսկ ընդդիմությո՞ւնն ում կողմից է ընտրվել. Լարիսա Ալավերդյան
Շուշիի հռչակագիրը դատապարտող՝ ընդդիմության հայտարարության նախագծի ընդունումը տապալվեց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «ջանքերով»:
Հիշեցնենք՝ այս ամիս նախ՝ Ադրբեջանի, ապա՝ նաև Թուրքիայի մեջլիսները վավերացրել էին Շուշիի հռչակագիրը, որը դեռ նախորդ տարի հունիսի 15-ին Ալիևն ու Էրդողանը ստորագրել էին 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշի կատարած այցի ընթացքում:
Հատկանշական է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից փաստաթղթի վավերացումն արվեց աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լրջագույն գործընթացների համատեքստում՝ հստակ վտանգավոր մեսիջներով:
Փաստացի, այս վտանգներն անտեսվեցին իշխանական պատգամավորների կողմից, և ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի հերթապահ հիմնավորմամբ, թե ԱԳՆ-ն արդեն արձագանքել է, իշխանական պատգամավորներն իրենց ուսերից գցեցին այս հռչակագրի վավերացումը դատապարտող նախագծի ընդունման «բեռը»:
«Մենք անում ենք ընենց, ոնց որ համարում ենք ճիշտ, հասկացա՞ք, ոնց որ համարում ենք օգտակար մեր երկրի համար. մենք սպասարկում ենք մեր երկրի պետական շահը: Պետական շահի հասկացողությունը տարբեր քաղաքական ուժերի մոտ տարբեր է: ՀՀ ներկա իշխանության և ներկա կառավարության պատկերացումներում ՀՀ քաղաքական շահը ՀՀ բնակիչների անվտանգության սպասարկումն է, մեր անվտանգային համակարգերի կայունացումը, հարևանների հետ խաղաղության հաստատումը: Դա բխում է այն ծրագրից, որը մենք հաստատել ենք:
Ամեն օր չգիտեմ՝ որտեղ է որոշվում, որ պետք է ՀՀ քաղաքական ու հասարակական օրակարգում ևս մի պրոբլեմ, տոքսիկ նյութ մտցնել, ու Հայաստանի ժողովրդին չթողալ զբաղվի իր կյանքի կարգավորումով: Ժողովուրդ, մենք Հայաստանի իշխանությունն ենք. Հայաստանի ժողովուրդը մեզ տվել է իր վստահությունը, երբ որ ձեզ կտա, այդ ժամանակ կիրականացնենք այն քաղաքականությունը, որով կգնաք այդ ընտրություններին: Մենք ստացել ենք այդ վստահությունը, մենք իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը բխում է այդ վստահությունից»,- մասնավորապես նշել էր պատգամավորը:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ի կողմից Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության տապալմանը, մի քանի դիտարկումներ արեց նիստից:
«Այսօրվա իշխանությունները չգիտեն՝ ինչ է ժողովրդավարությունը, քանի որ բաց տեքստով ասում են՝ այ, երբ դուք գաք իշխանության, ինչ կուզեք՝ կանեք: Ժողովրդավարության հիմքերից հիմքն այն է, որ պարտադիր պետք է հաշվի նստել փոքրամասնության, այդ թվում՝ քաղաքական փոքրամասնության կարծիքի հետ:
Երկրորդ դիտարկումը, որ ասում են՝ մենք ընտրվել ենք ժողովրդի կողմից. իսկ ընդդիմությո՞ւնն ում կողմից է ընտրվել»,- իշխանական պատգամավորների ելույթների մասին նշեց իրավապաշտպանը, ապա հիշեցրեց նրանց քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանի նմանօրինակ ձևակերպումներից մեկը՝ «Ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»:
Լարիսա Ալավերդյանի տպավորությամբ՝ իշխանությունները, մատնացույց անելով «նախկինների» սխալները, փորձում են մրցել նրանց հետ, և նախկին իշխանությունների կողմից ավարտին չհասցված բոլոր սխալներն ավարտում են:
«Այս առումով նրանք ոչ թե նոր իշխանություն են, այլ նախկինների՝ միայն սխալների շարունակողը: Չեմ կարծում, որ ժողովուրդն իրենց տվել է այդ հնարավորությունը՝ անել այն սխալները, որի համար իրենք դուրս մղեցին նախկին իշխանությանը: Հիմա ի՞նչ են իրենք ուզում, որ ևս մեկ անգամ դուրս գան փողոց, և իրենց՝ որպես նախկինների սխալների իրավահաջորդ, դուրս մղե՞ն»,- ասաց իրավապաշտպանը՝ նկատելով, որ անգամ մի կողմ է թողնում նախկին ու ներկա՝ ագրեսիային հաջորդած իրավիճակների տարբերությունը:
Քվեարկության արդյունքների մասին իրավապաշտպանը հետևյալ պարզաբանումն արեց. «Ինչո՞ւ չեն համաձայնում, կամ ինչո՞ւ դեմ չեն քվեարկում, այլ ուղղակի ձեռնպահ են: Այ, սա է դիրքորոշումը, որով իրենք սպասարկում են թուրք-ադրբեջանական քաղաքականությունը. իրենք ձեռնպահ են մնում, կամ նախապես ստեղծում են այնպիսի հնարավորություններ, որ թուրք-ադրբեջանական ագրեսիան և նրանց կողմից որդեգրած ցեղասպանական քաղաքականությունը վերջապես դառնա իրողություն:
Այս իշխանությունները, հենց խաղաղության օրակարգի մասին մտածելով, սպասարկում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը: Ես պետք է ասեմ, որ մինչև վերջ չի հասնի այդ ծրագիրը, բայց թանկ գին ենք վճարելու, եթե չկարողանանք օր առաջ դրա դեմն առնել, և եթե այս ժողովուրդը, որի անունից այսօր տանում են երկիրը, պետությունը կործանման, վերջապես չբարձրացնի իր ձայնը»:
Նկատենք, որ «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության նախագծի քննարկումը և այդ նախագծի տապալումը նաև միջազգային լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում էր, իսկ ադրբեջանաթուրքական լրատվական գործակալությունները մեկը մյուսի հետևից արձագանքեցին որոշմանը՝ «Փաշինյանի կուսակցությունը հրաժարվեց դատապարտել Շուշիի դեկլարացիան» վերտառությամբ լուրերով:
Հիշեցնենք, որ այս հռչակագրի ստորագրումից հետո ՀՀ ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հռչակագրի ընդունումից հետո ՀՀ ԱԳՆ արձագանքն այդպես էլ չէր եղել: