Հերթական «դրական ազդակն» Ադրբեջանից և Թուրքիայից. Շուշիի հռչակագիրը նոր կյանք է ստանում

Ադրբեջանի խորհրդարանը փետրվարի 1-ին վավերացրել է Շուշիի հռչակագիրը՝ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության մասին պայմանագիրը, որ նախորդ տարի հունիսի 15-ին Ալիևն ու Էրդողանը ստորագրել էին 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշի կատարած այցի ընթացքում:

Ի դեպ, հռչակագիրը վավերացման համար մուտք է արվել նաև Թուրքիայի խորհրդարան: «Դեյլի Սաբահ»-ն այսօր տեղեկացրել է, որ մեջլիսի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հավանություն է տվել Շուշիի հռչակագրի մասին օրինագծին:

Ուշագրավ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից փաստաթղթի վավերացումն արվում է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լրջագույն գործընթացների ֆոնին:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Թուրքիայից եկող դրական ազդակների մասին խոսելուց հետո ես և շատերը երկար փնտրեցին այդ դրական ազդակները, և այժմ երևում են դրանք,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Շուշիի հռչակագրի նոր հայտնությանը՝ նշեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը և հավելեց,- Թուրքիան երեք նախապայման ուներ, որոնցից 30 տարի չէր հրաժարվել, և այդ նախապայմաններից, եթե այդպես շարունակվեր, 130 տարի էլ չէր հրաժարվի, սակայն 44-օրյա պատերազմից հետո իրենք արդեն հայտարարեցին, որ Արցախի հարցը լուծված է, այսինքն՝ գլխավոր նախապայմանը: Եվ դա հիմա ամրացնում են իրենց քայլերով:

Իմիջիայլոց, երբ Չավուշօղլուն հայտարարեց Հայաստանի հետ հնարավոր դիվանագիտական հարաբերությունների մասին, շեշտեց, որ ամեն քայլ, որ Հայաստանի հետ իրենք կատարում են, Ադրբեջանի հետ համաձայնեցնում են: Ահա ձեզ դրական քայլեր»:

Թուրքագետը նշեց նաև, որ այս հռչակագրի հետևանքներն ապագայում առավել տեսանելի կդառնան, սակայն այնպես չէ, որ հատկապես թուրքերն ու ադրբեջանցիները հենց այնպես մեկօրյա մտայնությամբ ինչ-որ գործ չեն ձեռնարկում.

Հիշեցնենք, որ այս հռչակագրի ստորագրմանն արձագանքել էր ՀՀ ԱԳՆ-ն:

«Թեև թուրք-ադրբեջանական հռչակագիրն առանձին կետով նշում է, որ այդ փաստաթուղթն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այնուհանդերձ, դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։

Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։

Վերոնշյալ պայմանավորվածություններն ամբողջովին հակասում են միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Այս պարագայում արժանի է հիշատակման այն փաստը, որ միջազգային իրավունքի, մասնավորապես, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ․ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին՝ առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն»,- մասնավորապես նշվում էր 2021 թ. հունիսի 17-ին ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս