Իրանի ղեկավարը կոչ է արել փոխել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մի շարք դրույթներ
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին անհեթեթ է համարել Արեւմուտքի այն պնդումները, թե Թեհրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել եւ կոչ է արել փոփոխություններ մտցնել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մեջ: Այդ մասին փետրվարի 17-ին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:
«Նրանք գիտեն, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է: Բայց նրանք անհեթեթ, անիմաստ հայտարարություններ են անում այն մասին, թե որքան մոտ է Իրանը ռումբի ստեղծմանը: Մենք ձգտում ենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման: Նրանք դա գիտեն, բայց ցանկանում են, որ Իրանի ժողովուրդը դժվարությունների բախվի, երբ նրան միջուկային էներգիա կպահանջվի ապագայում»,-հայտարարել է Խամենեին:
Նա ընդգծել է, որ «աշխարհն ավելի ու ավելի շատ է ապավինում միջուկային էներգիային»:
«Մեզ վաղ թե ուշ նույնպես շտապ կարգով միջուկային էներգիա կպահանջվի: Եթե մենք այդ մասին այսօր հոգ չտանենք, ապա վաղը չափազանց ուշ կլինի»,-հավելել է նա: Խոսելով միջուկային համաձայնագրի, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասին, որը Թեհրանը միջազգային միջնորդների հետ կնքել է 2015 թվականին, նա նշել է, որ այն ժամանակ ինքն ասել է, թե առանձին կետեր պետք է վերանայել, որպեսզի ապագայում խնդիրներ չառաջանան:
«Այդ հանգամանքներից մի քանիսը հաշվի չեն առնվել, եւ ավելի ուշ խնդիրեր են առաջացել, որոնք մենք բոլորս այժմ տեսնում ենք»,-ասել է Իրանի գերագույն առաջնորդը: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին:
Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին, ինչն Իրանին դրդեց՝ հրաժարվել գործարքի առանձին պայմանները կատարելուց: Նախագահ Ջո Բայդենի օրոք ԱՄՆ-ը պատրաստակամություն հայտնեց վերականգնել ԳՀՀԾ-ի գործողությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: