«Ապտակ» Փաշինյանի մեղադրանքներին․ Ջեյմս Ուորլիքը՝ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության կողմնակից
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծանրակշիռ բանակցային ժառանգությունը զրոյացրած, երկիրը ծանր պատերազմի ու պարտության հասցրած ՀՀ գործող իշխանությունների ստերը, աղավաղումները նախկինում Արցախյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ վարված բանակցային օրակարգի վերաբերյալ գրավում են ոչ միայն ներքին, այլև արտաքին դերակատարների ու նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) բոլոր ժամանակների համանախագահների ուշադրությունը։ Այս անգամ թեմային և, ըստ էության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը, որը հանգիստ չի տալիս ՀՀ ներկայիս իշխանություններին, անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով ամերիկյան համանախագահությունը վարել է 2013թ. օգոստոսի սկզբից մինչև 2016թ. դեկտեմբերի վերջ։ Առաջին անգամը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվող սուտ և մոլորեցնող հայտարարություններին անդրադառնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի առաջատար դիվանագետը։
2021թ. հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածը, որտեղ իբրև թե անդրադարձել էր արցախյան բանակցային գործընթացներին՝ այն անվանելով անհաջողությունների մի երկար պատմություն։ «2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձն Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը»,- այդ հոդվածում գրել էր Փաշինյանը։
Դրանից օրեր անց՝ հունվարի 13-ին, Փաշինյանի հոդվածի հենց նշյալ հատվածին անդրադարձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝պնդելով. «Իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե Ռուսաստանն առաջարկում էր «հենց այնպես» վերադարձնել յոթ շրջաններն ու մոռանալ կարգավիճակի մասին»։
ՌԴ արտգործնախարարության կայքում տեղադրված՝ Իգոր Պոպովի մեկնաբանության մեջ նշվում էր, որ ռուսաստանյան առաջարկներ ասելով՝ հավանաբար ենթադրվում է փուլային կարգավորումը, որի վերջին խմբագրված տարբերակը կողմերին է ներկայացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2019-ի հունիսին։ Ըստ Պոպովի՝ Կազանյան փաստաթղթի հետ շատ կետերում համընկնող այդ պլանի մեջ ներառված են կարգավորման բազային սկզբունքները, որոնց շարքում առաջին փուլում Ադրբեջանին՝ 5 շրջան, երկրորդ փուլում՝ 2 շրջան վերադարձնելն է՝ դրանք, պետք է հատուկ ընդգծել, փոխկապակցելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին գտնվող առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ, մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակի որոշում՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո (անցկացվելիք) համաժողովրդական հանրաքվեի միջոցով՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան»։ Միևնույն ժամանակ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը ոչնչով չի սահմանափակվի, իսկ հանրաքվեի ցանկացած արդյունք կհարգվի կողմերի կողմից»»,- նշել էր ռուսաստանյան համանախագահը՝ ըստ էության բացահայտելով այն ողջ բանակցային «պատմությունը», որը հաջորդել է Կազանի փաստաթղթին, որը ևս Սերժ Սարգսյանի ժառանագությունն է, և որը ներկայիս իշխանությունները՝ Փաշինյանը և նրա թիմակիցները, փորձում են գովերգել՝ հակադրելով հետո սեղանին դրված ռուսական նույնատիպ առաջարկներին։
Պոպովի սպառիչ մեկնաբանություններով մեղադրանքների շղթան չավարտվեց, այլ ավելի զարգացավ, Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ անդրադարձներում նույնիսկ հակասություններ ի հայտ եկան, Փաշինյանը հարցազրույցներ և ասուլիսներ նվիրեց Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը, որին Սարգսյանը սպառիչ և ծավալուն կերպով անդրադարձավ շաբաթներ առաջ տված իր հարցազրույցում՝ կրկին խոսելով ռուսական առաջարկներից և իր իշխանության կարմիր գծերից, ապրիլյան պատերազմի դադարեցման պայմանավորվածությունից, Կազանի փաստաթղթից, ՄԱԿ ԱԽ բանաձևից և այն հանգամանքից, որ դա որևէ կապ չունի 1993թ․ ՄԱԿ ԱԽ բանաձևի հետ։ ՀՀ երրորդ նախագահն ամբողջությամբ սպառել է թեման իր այդ հարցազրույցով՝ պատասխանելով բոլոր հարցերին, թեև դրանից հետո ևս իշխանական «հարձակումները» և անհիմն մեղադրանքները չեն դադարել։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ծանոթ որևէ լուրջ մասնագետ ու դիվանագետ իշխանական բանակցային աղավաղումները վաղուց լուրջ չի ընդունում։
Սակայն ուշագրավն այն է, որ Երրորդ նախագահի թեզերը հաստատում է նաև 2013-2016թթ․ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որն ամերիկյան համանախագահության ամենաակտիվ դիվանագետներից մեկն է եղել։ Դիվանագետին բնորոշ զսպվածությամբ, ոչ շատ մանրամասն, սակայն ուշագրավ շեշտադրումներով, հստակությամբ ու պարզաբանումներով նախօրեին թեմային անդրադարձել է համանախագահ Ուորլիքը՝ ըստ էության հաստատելով այն ամենը, ինչ արձանագրում է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ շրջանի բանակցային գործընթացի վերաբերյալ։ Ուշագրավ է նաև այն, որ ամերիկացի հեղինակավոր դիվանագետը հմտորեն հերքում է այն մեղադրանքները, որոնք հնչեցնում են ներկայիս իշխանությունները 2015-2016թթ․ բանակցային բովանդակության վերաբերյալ։ Խոսելով ռուսական առաջարկներից կամ «Լավրովի պլանից»՝ամերիկացի դիվանագետը նշում է՝
- Համանախագահները քննարկել են Լավրովի առաջարկները և որոշել առաջ շարժվել այդ գաղափարների ուղղությամբ` որպես շրջանակ կողմերի միջև հետագա քննարկումների համար։ Նրա խոսքով՝ քննարկումը սկսվեց, սակայն բավարար առաջընթաց չունեցավ։
- Համանախագահները փորձում էին գտնել առաջ գնալու ճանապարհ նախագահ Ալիևի և նախագահ Սարգսյանի հետ, փորձում էին բացահայտել՝ արդյոք կարո՞ղ են այդ գաղափարներն այնպես կառուցել, որպեսզի դրանք ընդունելի լինեն բոլոր կողմերի համար։
- Հետադարձ հայացք նետելով՝ Ուորլիքը կարծիք է հայտնում, որ այդ գաղափարները առաջին հերթին կփրկեին շատ կյանքեր և կապահովեին ապագայի համար շրջանակ, որն ավելի ուժեղ, երկարատև կլիներ, քան ներկայիս պայմանավորվածությունները։
Նախկին Համանախագահ Ուորլիքն անդրադառնում է նաև այն պնդումներին, թե 2015-2016թթ․ ռուսական առաջարկներով ԼՂ-ն կորցրել էր տեսական ու պրակտիկ հնարավորությունը՝ չլինել Ադրբեջանի կազմում, ասելով, որ դա լուծում չէր, որը դրվել էր երկու կողմի ընդունման համար, դա քննարկումների համար շրջանակ էր. «Մենք գիտեինք, որ լինելու են խոչընդոտներ, լինելու են դրույթներ, որոնք Հայաստանը ողջունելու է, բայց մնացածը մերժելու է։ Ցավոք սրտի` այն, ինչ տեղի ունեցավ, այն է, որ այդ քննարկումը տապալվեց»,– ասել է Ուորլիքը։ Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին և հնչեցված այն կարծիքներին, իբրև թե Ադրբեջանը համաձայնել է կանգնեցնել ռազմական գործողությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն բանավոր խոստման դիմաց, թե ավելի կներգրավվի բանակցային գործընթացում՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահը նշել է, թե չի կարծում, որ այդ բանն ասվել է այնպես, ինչպես ներկայացվում է։ Նա հստակեցրել է, որ իրենք փորձել են աշխատել կրակի դադարեցման ուղղությամբ՝ ըստ էության չեզոքացնելով Փաշինյանի և նրա թիմակիցների այն պնդումները, իբրև թե բանավոր այլ պայմանավորվածություններ են եղել Սերժ Սարգսյանի կողմից։
- Ըստ էության, ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատում է Սերժ Սարգսյանի այն պնդումը, թե Կազանի փաստաթուղթը եղել է իր իշխանության օրոք սեղանին դրված միակ փաստաթուղթը, որից հետո եղել են առաջարկներ ու գաղափարներ, ինչը նաև Ուորլիքն է նշում։
- ԼՂ կարգավիճակի վերաբերյալ՝ Ուորլիքը նշում է, որ սեղանին դրվել էր ոչ թե լուծում, այլ շրջանակ, որոշակի կառուցվածք, որը պետք է մշակվեր, պետք է բանակցվեր, բայց կողմերը չմոտեցան այդ հանգրվանին։ Այստեղ ևս հակասություններ կան Փաշինյանի ու Ուորլիքի պնդումներում։
- Ուորլիքը կարծում է, որ այդ առաջարկների առաջընթացի և հաջողության դեպքում իրավիճակը կլիներ շատ ավելի լավը, քան ներկայիս պայմանավորվածություններն են։
- Ուորլիքը, ինչպես և Սերժ Սարգսյանը, պնդում է, որ 2016 քառօրյա պատերազմի ընթացքում եղել է միայն կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածություն, այնինչ իշխանական թևից այլ մեղադրանքներ են հնչեցվում։
Ի՞նչը կարող է ավելի ծանրակշիռ լինել, քան բանակցային գործընթացում ներգրավված դիվանագետների բացահայտումները, թերևս, միայն առաջարկների փաթեթների հրապարակումները, որից այս իշխանությունը խուսափում է, քանի որ նրանց կողմից գեներացվող այս ողջ դիսկուրսն ուղղված է ոչ թե ճշմարտության բացահայտմանը, այլ սեփական դիվանագիտական ու խայտառակ ռազմաքաղաքական պարտությունը պարտակելուն։