«Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվելու է Արցախի ԱԺ առաջիկա նիստի օրակարգում
Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։
«Օրակարգում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Թովմասյանի, Դ. Մելքումյանի, Ա. Մոսիյանի, Դ. Գալստյանի, Գ. Բաղունցի, Ա. Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր: Օրենքի նախագիծը ներկայացրել է Արթուր Մոսիյանը։ Օրինագծով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նախագիծը փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում և առաջարկվել է նախագծի ընդունման առնչությամբ փոփոխություններ կատարել Ընտրական և Քաղաքացիական օրենսգրքերում, «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ ԱՀ կառավարության կողմից ևս ներկայացվել են առաջարկություններ, որոնք հիմնականում ընդունվել են հեղինակների կողմից, և հավելում, որ այնուհետև Արթուր Մոսիյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների՝ օրինագծին առնչվող հարցադրումներին և առաջարկել օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ներկայացնել կից օրենքների փաթեթով։
Նշվում է, որ հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծի ընդունմանը, և այն դրական եզրակացությամբ ընդգրկվելու է առաջիկա հերթական նիստի օրակարգում։