«Խոսվում է սահմանը բացելու մասին, հաշվարկի մասին ոչինչ չենք լսում, միայն լավատեսական ինչ-ինչ խոսքեր՝ լավ կլինի. ո՞ւմ համար լավ կլինի, դու հաշվարկե՞լ ես»
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հերթական հոդվածն է հրապարակել Հայաստանի վերաբերյալ. «Թուրքիայի «Արևելյան էքսպրես»-ը ներուժ է առաջարկում Հայաստանի զբոսաշրջային երկաթուղուն» վերտառությամբ հոդվածում ներկայացվել է Երևան-Գյումրի գնացքի աշխատանքը և նշանակությունը։ Ի դեպ, հրապարակմամբ արձանագրվում է, որ Գյումրի-Երևան երկաթուղին ներուժ ունի միանալու Թուրքիայի Անկարա-Կարս երկաթուղուն (Արևելյան էքսպրես)՝ հիշեցմամբ, որ 1996 թվականից ի վեր ոչ մի գնացք չի մտել Գյումրի Թուրքիայից։
Նկատենք, որ վերջին շրջանում այս լրատվական գործակալությունը հատկապես ուշադրության կենտրոնում է պահում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը՝ մեկ անդրադառնալով «Գյումրիում Թուրքիայի հետ սահմանի բացմանը սպասող առևտրականներին», մեկ՝ «Հայաստանի սահմանի հետ բացմանը սպասող Կարսի գործարարներին»:
Իսկ հաշվի առնելով, որ սրանք հենց պետական լրատվական գործակալությամբ առաջ մղվող թեզեր են, հետևաբար՝ սա կարելի է ընկալել որպես թուրքական պետական քաղաքականության մաս:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, օրինակ, կարծում է՝ Թուրքիայի առաջ մղվող քաղաքականությունը լրջորեն հաշվարկված է և ենթադրում է երկարաժամկետ ծրագրեր, իսկ հայկական կողմը բավարարվում է առանց հաշվարկների լավատեսության միֆով:
«Եթե թուրքական պետությունը Հայաստանի հետ կապված նման ծրագիր է առաջ բերում, նշանակում է՝ այնտեղ թուրքերը միայն իրենց ազգային շահերն են ունենալու, իսկ մենք շահի փոխարեն՝ վնաս կունենանք: Թուրքիան մեզ միշտ թշնամու աչքով է նայել և ապագայում էլ պետք է այդպես նայի:
Վրաստանում արդեն թուրքեր կան մտած. տեսեք Վրաստանի վիճակը՝ Բաթումը թուրքական քաղաք է դարձել, Թիֆլիսն էլ աստիճանաբար թրքացվում է: Բաթումում, օրինակ, թուրքերն իրենց կազինոները, հյուրանոցներն են բացել. Բաթումն այդպիսի վիճակ ունի՝ չլինելով թուրքին թշնամի»,- պարզաբանեց թուրքագետը:
Նրա համոզմամբ՝ Թուրքիայի հետ փակ սահմանը չպետք է համարել մեծ խնդիր՝ նկատելով, որ առևտրականներն իրենց համար շրջանցիկ ուղիներ են գտել այս տարիների ընթացքում:
«Իսկ եթե ճանապարհը բացվի, ո՞ վ է երաշխիք տալիս, որ Թուրքիան, որին այդ ճանապարհի դիմաց ինչ-որ բաներ ենք տալիս, ցանկացած պահի նորից չի փակի այդ ճանապարհն ինչ-ինչ պատրվակներով:
Այն առևտրականները, որոնք կարծում են, թե Թուրքիայով արտոնյալ պայմաններով իրենց ապրանքները տանելու-բերելու են, չարաչար սխալվում են. սահմանը բացելու դեպքում էլ Թուրքիան այնպիսի պայմաններ կարող է դնել, որ այդ ճանապարհը միայն իր համար ձեռնտու լինի, իսկ մեզ համար՝ Վրաստանի Փոթին, օրինակ, կրկին մնա առավել ձեռնտու տարբերակ:
Սրա մասին պետք է մտածել, մինչդեռ չենք մտածում. մեր կառավարությունը ծրագիր, հաշվարկներ չունի: Խոսվում է սահմանը բացելու մասին, լավ, հաշվարկե՞լ ես այդ ամեն ինչը, հետևանքները: Հաշվարկի մասին ոչինչ չենք լսում, միայն լավատեսական ինչ-ինչ խոսքեր՝ լավ կլինի. ո՞ւմ համար լավ կլինի, դու հաշվարկե՞լ ես: Ոչ մի հաշվարկ չկա, իսկ պետությունները նման դեպքերում մանրակրկիտ հաշվարկներ են անում, հետո են քայլ անում»,- եզրափակեց Տիրան Լոքմագյոզյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը ևս տնտեսական հարցերը դիտարկեց պատմական տրամաբանության և աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում՝ արձանագրելով, որ Թուրքիայի երկարարաժամկետ ծրագրերում առհասարակ չկա Հայաստանի զարգացումը և անգամ՝ անկախ Հայաստանը:
Տնտեսագետի կարծիքով՝ թեև տնտեսական շահերի արդյունավետ համադրման դեպքում տարածաշրջանային ինտեգրումը կարող է դրական ազդել տարածաշրջանի երկրների վրա, սակայն այս տեսությունն առկա իրականությանը չի առնչվում. «Խոսել տնտեսական օգուտների մասին՝ կեղծ օրակարգ է. ըստ էության, այդ օգուտների քողի տակ մեզ պարտադրվում է թուրքական շահը: Այսպես կոչված, «ապաշրջափակում»-ն այն ձևով, որը տեսնում ենք, իրականում հիմնված է բացառապես թուրք-ադրբեջանական շահի վրա: Եվ եթե այդպիսի դոմինանտություն կա, և Հայաստանը չի կարողանում այս պահին իր ազգային շահերն առաջ մղել, մեր երկիրը ոչ միայն չի կարողանա ստանալ օգուտներ, այլև կունենա վնասներ»:
Պատգամավորը նկատեց՝ կոմունիկացիաների բացմամբ Ադրբեջանը կկապվի Թուրքիայի հետ, իսկ Հայաստանի տարածքով անցնող մի քանի տասնյակ կիլոմետրանոց ճանապարհը կդառնա այլընտրանք Հյուսիս-Հարավ ճանապարհին, որով պայմանավորված են մեր աշխարհագրական առավելությունները:
«Ես չեմ կարծում, որ այդ մի քանի տասնյակ կիլոմետրերը՝ որպես տրանսֆեր, այնքան գումարներ պետք է բերեն, որ Հյուսիս–Հարավի չշահագործման կամ թերի շահագործման մեր վնասները կարողանանք հատուցել:
Եվ ամենակարևորն այն է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար առաջնայինն ամենևին տնտեսական շահերը չեն. իրենցն աշխարհաքաղաքական շահերն են: 44 օրյա պատերազմի արդյունքներով ոգևորված՝ թուրք-ադրբեջանական տանդեմն այժմ էլ հարկադրում է տնտեսական էքսպանսիա, որը Թուրքիան արդեն շատ երկրներում է կիրառել, գիտի ձևերը, արդյունքները: Հայաստանի պարագայում՝ շատ ավելի ոգևորված են, որովհետև տնտեսական կցորդ դարձնելով՝ անդառնալիորեն սպառնալիքներ են ստեղծելու մեր անկախության և մեր ինքնության համար»,- եզրափակեց Թադևոս Ավետիսյանը: