Պատերազմի քննիչ հանձնաժողովի քննության օրակարգում կարևոր հարցեր են անտեսվել. Սլաքն ուղղված է նախկիններին և ԳՇ-ին

Այսօր տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը:

Իսկ քննիչ հանձնաժողովի քննության առարկա են լինելու հետևյալ հարցերը.

– 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները:

– Արձանագրված անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները և դրանց նպաստող պայմանները։

– Պաշտպանության ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը։

– Զինվորական ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը և համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին:

– Ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն:

– Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն:

– Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը։

Այսինքն, առնվազն 4 կետի համատեքստում 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի քննության օրակարգը չի շրջանցելու նախկին իշխանություններին, կամ առնվազն 4 կետի մասով Փաշինյանի իշխանությունն արդարացվելու է:

Թե ինչ մեղադրանքներ են հնչեցնելու նախկին իշխանությունների հասցեին՝ չմանրամասնենք, բոլորին հայտնի է՝ բանակը թալանելուց՝ մինչև 80-ականների զենքերի կիրառում և բանակցային վատ ժառանգություն: Եվ ոչինչ, որ պատերազմը Փաշինյանի իշխանության օրոք է եղել, և երեք տարում կարող էին գոնե նվազագույն չափով վերացնել, այսպես ասած, նախկինների բացթողումները: Չի կատարվել, որովհետև պոպուլիստական և ինքնագովազդի նպատակով առաջնային է համարվել զինվորների համար «կոմֆորտ զոնայի» ստեղծումը, քան նրանց անվտանգության ապահովումը՝ չհաշված վտանգավոր մի շարք որոշումներ և քայլեր: Նույն անձնապաշտական տրամաբանության մեջ պատերազմը ժամանակին չի կանգնեցվել, եթե մի կողմ թողնենք գործը վերջնագծին հասցնելու շրջանառվող վարկածի պահը:

Քննության առարկա մյուս կետերով, ըստ էության, մեղադրական սլաքն ուղղվելու է ԳՇ-ի վրա՝ ի դեմս ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ մեղադրելով, որ ընդունված որոշումները օպերատիվ չեն եղել կամ եղել են օպերատիվ ռազմական իրավիճակին ոչ համարժեք: Այն դեպքում, երբ չի բացառվում, որ դրանք ոչ թե օպերատիվ չեն եղել, այլ չեն ընդունվել: Սրա պատասխանը, իհարկե, ԳՇ նախկին ղեկավարությունը պիտի տա: Ինչ վերաբերում է զորքերի համալրմանը, ապա դա ԳՇ-ի գործառույթը չէ:

Կարևորագույն հարցեր, որոնք քննիչ հանձնաժողովի քննության օրակարգում չեն երևում

Պատերազմի ընթացքին և ելքին առնչվող բազմաթիվ կարևորագույն հարցեր դուրս են մնացել քննիչ հանձնաժողովի օրակարգից: Մասնավորապես՝

1. Պատերազմի սկսման տեղեկությունից հետո հայտարարվեց համընդհանուր զորահավաք, բայց իրականում մոբիլիզացիա տեղի չունեցավ:

Երկրորդ՝ բազմաթիվ անձինք, որոնք ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ: Կամ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին որոշակի, այսպես ասած, պաշտոններ զբաղեցնել, բոլոր անձանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր: Մինչդեռ մարդուն, որը պատրաստվել է որոշակի գործառույթներ իրականացնելու համար, որպես զինվոր օգտագործելը, ինչը կատարվեց, աբսուրդ էր: Այսինքն, պատերազմի առաջին օրը, ըստ մոբիլիզացիոն պլանների (որոնք, իհարկե, գաղտնի են և չեն կարող բացահայտվել), չեն ստեղծվել համապատասխան ուժեր, երբ 44-45 օրը բավականին մեծ ժամանակ է, որ ձևավորվեին մարտունակ զորամասեր, որոնք կարող էին մտնել մարտի մեջ և կատարել այն խնդիրները, որոնք ի վիճակի չէին կատարել կամավորական խմբերը: Ինչո՞ւ սա չի արվել, ինչո՞ւ չկար կառավարման հստակ համակարգ, երբ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով երկրի վարչապետը պետք է քննարկի ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու նպատակահարմարության հետ կապված հարցերը:

2. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով երկրի վարչապետը պետք է քննարկի պետությունն անհրաժեշտ պատրաստականության աստիճանների բերելու, զինված ուժերի կիրառման պլանը գործողության դնելու հարցերը:

Բաց աղբյուրները՝ հիմնված զոհված զինվորների, սպաների ծնողների և հարազատների վկայությունների վրա, ապացուցում են, որ պատերազմի առաջին օրը ՊԲ-ն պատշաճ կերպով պատրաստ չի եղել։ Այսինքն, պատերազմի սկսվելու պահին զինվորները որոշ տեղերում զորամասերում են եղել, հրամանատարները՝ տանը, արձակուրդում, և միայն պատերազմի սկսվելուց հետո են կանչվել: Ինչո՞ւ ՊԲ-ն պաշտպանության անցած չի եղել պատերազմը սկսվելու պահին, երբ 2 օր առաջ պարզ էր՝ պատերազմ է սկսվելու: ՊԲ հրամանատարը հրաման ստացե՞լ է զորքին պատրաստելու:

3. 2021-ի սեպտեմբերին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր․

«ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ՝ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ»:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ պատերազմից 2 օր առաջ «ռադիոպերեխվատի» միջոցով իմացել է պատերազմի սկսման մասին: Ո՞ր ինստիտուտներն են սխալ տեղեկություն տվել:

54. ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ի իր ուղերձում նշել էր.

«Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:
Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ:
Մասնավորապես նշել եմ, որ.

1. Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

2. Տրված առաջարկը Անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»:

Ինչո՞ւ պատերազմից առաջ այս զգուշացումը հաշվի չի առնվել, երբ զգուշացվել է մեր եղած ներուժի և պաշարների մասին:

5. Պատերազմից առաջ կադրային փոփոխություններ են կատարվել ՊԲ-ում և ՀՀ ԶՈՒ-երում: ՊԲ հրամանատարների փոփոխություններ եղել են նաև մի քանի պաշտպանական շրջաններում (ՊՇ) (օրինակ՝ 1-ին, 2-րդ, 6-րդ): Ընդ որում, նախապատերազմյան և պատերազմական ժամանակահատվածում նշանակված հրամանատարները հաճախ չեն տիրապետել համապատասխան պաշտպանական շրջանների կամ զորամիավորումների հսկողության տակ գտնվող տարածքներին, դիրքերին, տեղանքների «նրբություններին»: Ի՞նչ ազդեցություն է սա ունեցել պատերազմի ընթացքի և ելքի վրա:

6. 168.am-ն ուսումնասիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հրապարակային ելույթները, ուղերձներն ու ժողովրդին ուղղված կոչերը, առանձնացրել ենք երկրի ղեկավարի հատկապես այն հայտարարությունները, որոնցում կարելի է գտնել պետական գաղտնիքի մասին օրենքի խախտումներ: Ավելին, դիտավորությա՞մբ, թե՞ չիմացությամբ ռազմական պլաններ են հրապարակայնացվել, ի՞նչ ազդեցություն է սա ունեցել պատերազմի ելքի վրա:

Սա հարցերի մի փոքր հատվածն է, որոնց իշխանությունները պիտի պատասխանեն:

Ի դեպ, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ արտախորհրդարանական ուժերի մեջ ցանկություն կա մասնակից դառնալու արցախյան վերջին պատերազմի հանգամանքների քննությանը, և, որ այդ ցանկություններն ինչ իրավական ձևաչափով կարող են դառնալ իրագործելի, դա կորոշի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը, որն այս պահից նաև քննիչ հանձնաժողովն է: Այս մտադրության իրագործման դեպքում Սամվել Բաբայանը, որը պատերազմի ժամանակ եղել է Արցախի ԱԽ քարտուղարը, կարող է ընդգրկվել այս աշխատանքներում, մինչդեռ, ինչպես Արծրուն Հովհաննիսյանը, այնպես էլ Սամվել Բաբայանը, ըստ էության, շահագրգիռ կողմ է, և շատ հարցերի պատասխաններ հենց իրենք պիտի տան:

Ի դեպ, ԱԽ-ն բուտաֆորիկ կառույց չէ, և ունի ոչ պակաս կարևոր գործառույթներ: Օրինակ,

ՀՀ Անվտանգության խորհուրդն է հաստատում՝

– զինված ուժերի զարգացման պլանը,

– այլ զորքերի զարգացման պլանը,

– զինված ուժերի ծավալման պլանը,

– զինված ուժերի զորահավաքային պլանը,

– զինված ուժերի կիրառման պլանը:

Չմոռանանք նաև, որ Սամվել Բաբայանը նաև ռազմական օպերացիայի հեղինակ է, որքան էլ որ հետո ՊԲ նախկին հրամանատարը դրան խորհրդատվական բնույթ հաղորդեց, միևնույն է՝ հրամանատարական կետում նա է եղել, և նա պիտի պատասխանողի դերում լինի:

Տեսանյութեր

Լրահոս