5 գիրք, որ երեխաներին առաջարկում է ընթերցել Միքայել Ոսկանյանը
Գրականությունը միավորում է բոլորիս: Կարևոր չէ՝ ինչ մասնագիտություն ունենք, ինչ ընտանեկան կարգավիճակ և թե ինչ ենք կերել նախաճաշին, կարևոր է, որ հանդիպելիս կարողանանք քննարկել մեր վերջին կարդացած գրքերը: Իսկ դա անելու համար ընթերցող պետք է դառնալ դեռ փոքր հասակից: Եթե դժվարանում եք գիրք ընտրել Ձեր երեխայի համար, ծանոթացեք թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի առանձնացրած արկածային հնգյակին:
«Խորհրդավոր կղզին» – Ժյուլ Վեռն
Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպն առաջին անգամ լույս է տեսել 1874 թվականին։ «Խորհրդավոր կղզին» Ժյուլ Վեռնի հայտնի «Քսան հազար լյո ջրի տակ» և «Նավապետ Գրանտի որդիները» վեպերի տրամաբանական շարունակությունն է։ Վեպում գործողությունները ծավալվում են մտացածին կղզում, որտեղ հանգրվանել է նավապետ Նեմոն՝ իր «Նաուտիլիուս» սուզանավով։
«Ո՞ւր են տանում կածանները» – Վախթանգ Անանյան
Այս գիրքը հեղինակի «Հին վրանի փոքրիկ բնակիչը» կենսագրական վեպի անմիջական շարունակությունն է։ Հին վրանի փոքրիկ բնակիչն իր ընկերներով անցնում է կյանքի պայքարի բովով, նա աճելով՝ այս կամ այն չափով մասնակից է դառնում ժամանակի քաղաքական դեպքերին։
Ո՞ւր են տանում կածանները։ Նրանք այս գրքի փոքրիկ հերոսներին վերջիվերջո դուրս են բերում նոր կյանքի լայն ու լուսավոր ճանապարհը։
Գրքում նկարագրված մարդիկ և դեպքերը իրական են, պատկերների հիմքում ընկած են հեղինակի կյանքի դրվագները, հարուստ տպավորություններն ու հուշերը։
«Լուսին և վեցպենսանոց» – Սոմերսեթ Մոեմ
Անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ Սոմերսեթ Մոեմի «Լուսին և վեցպենսանոց» վեպում հեղինակը առաջին դեմքով ներկայացնում է գլխավոր հերոսի՝ Սթրիքլենդի մտքերի և հոգու փոփոխության պատմությունը։ Վերջինս անսպասելիորեն լքում է իր ընտանիքը, որպեսզի բավարարի նկարիչ դառնալու իր ցանկությունը։ Պատմության հիմքում մասամբ ընկած են նկարիչ Պոլ Գոգենի կենսագրության դրվագները։
«Շլիման. Երզանք Տրոյայի մասին» – Հենրիխ Շտոլ
Օգտագործելով Հոմերոսի «Իլիականը» որպես «ուղեցույց», նա պեղեց Տրոյան և Միկենան։ Հենց Հենրիխ Շլիմանի շնորհիվ մարդկությունը համոզվեց Տրոյական պատերազմի իսկության մեջ, որը երկար ժամանակ համարվում էր պարզապես գեղեցիկ լեգենդ։ Այս «մեծ գանձ որոնողի» կյանքի ուղին երբեմն ավելի է զարմացնում ու հիացնում, քան հին հունական էպոսը։ Փայլուն հնագետի հարուստ ու դինամիկ կյանքի ելևէջներին կարող եք ծանոթանալ գերմանացի հայտնի գրող Հենրիխ Ալեքսանդր Շտոլի գրած այս գրքի շնորհիվ։
«Մարսյան քրոնիկոն» – Ռեյ Բրեդբըրի
Ամերիկացի գրող Ռեյ Բրեդբըրիի գիտաֆանտաստիկ վեպ-պատվածաշարում ներկայացվում է, թե ինչպես են հետզհետե ոչնչացող և քայքայվող Երկիր մոլորակից մարդիկ մեկնում Մարս և գաղութացնում այն, և թե ինչպես է զարգանում բնիկ մարսեցիների և նոր գաղութատեր երկրացիների միջև հակամարտությունը։
Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան