Ինչպե՞ս է, որ սակագները նախկինում հիմնավորված չէին, հիմա հիմնավորված դարձան

Հանրային ծառայությունների սակագների բարձրացումը միշտ էլ ցավոտ խնդիր է եղել Հայաստանում և հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ է տվել։ Այդ դժգոհություններն էլ փորձել են շահարկել տարբեր քաղաքական ուժեր։

Ժողովրդին իշխանությունների դեմ տրամադրելու համար  հայտարարել են, որ սակագները հիմնավորված չեն, որ իշխանությունները թալանում են սպառողներին, որ իրենց գալուց հետո սակագներն անպայման նվազեցնելու են, թալանված գումարները հետ են վերադարձվելու։

Ժամանակին նման հայտարարություն անողները եկան իշխանության, բայց սակագների անհիմն լինելու հետ կապված ոչ մի բացահայտում չեղավ, ոչ մի թալան հետ չբերվեց, սակագներն էլ չիջան։ Ընդհակառակը՝ մի բան էլ բարձրացան ու շարունակում են բարձրանալ։

Հիմա էլ փորձում են թանկացումներն արդարացնել։ Իբր նախկինում սակագների բարձրացումները հիմնավորված չէին, հիմա հիմնավորված են։

Հարց է առաջանում, եթե հիմնավորված չէին, իշխանափոխությունից հետո ինչո՞ւ չնվազեցրին։ Չէ՞ որ ժամանակին մեկն էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, թե սակագները պետք է նվազեցվեն։

«Երեք տարի առաջ ժողովրդին ասեցին, թե էներգետիկ համակարգում 24 մլրդ դրամի ճեղք է առաջացել, հոսանքը պետք է թանկանա։ Այդ 24 միլիարդի ճեղքը վաղուց արդեն փակվել է և ոչ մեկը չի մտածում հոսանքի գներն իջեցնելու մասին։

Էլեկտրական էներգիայի գները Հայաստանում պետք է առնվազն 20 տոկոսով իջնեն»,- այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է իշխանափոխությունից օրեր առաջ։

Անցել է 4 տարի, բայց հոսանքի սակագինը ոչ միայն չի իջել, այլև բարձրացել է։

Ավելին, եթե համարենք, որ նախկինում այդ բարձրացումները հիմնավորված չէին, ապա այսօր առավել ևս հիմնավորված չեն։ Այն, որ իշխանությունների թերացումների ու բացթողումների հետևանքով համակարգում հերթական ֆինանսական ճեղքն է առաջացել, դա չի նշանակում, թե սակագների բարձրացումը հիմնավորված է։ Դեռ պետք է պատասխան տալ նրա համար, թե ինչո՞ւ կամ ո՞ւմ մեղքով է առաջացել այդ ճեղքը։

Նույն ձևով համակարգում միշտ էլ կարելի է ֆինանսական ճեղքեր առաջացնել, դրանք փակելու համար բարձրացնել սակագներն ու հայտարարել, թե բարձրացումը հիմնավորված է։

Հոսանքի սակագինը փետրվարի 1-ից բարձրացավ զուտ այն պատճառով, որ իշխանությունը թերացել է, անտեսել է, չի կատարել իր ստանձնած պարտավորությունները։ Պարտավորվել են պայմաններ ստեղծել, որպեսզի արտադրող կայաններից մեկը հնարավորություն ստանա ապահովել իր արտադրած էլեկտրաէներգիայի իրացումը, բայց չեն արել։

Հիմա վաղուց պիտի շահագործման հանձնած լինեին Իրանի հետ կառուցվող նոր բարձրավոլտ էլեկտրագիծը, բայց անընդհատ ձգձգել են, չեն կարողացել ժամանակին ավարտել։ Դրա հետևանքով էլ առաջացել է էլեկտրաէներգիայի հերթական բարձրացման անհրաժեշտությունը։

Միայն այս մեկ գործոնի հետևանքով համակարգում շուրջ 32 մլն դոլարի ճեղք է առաջացել։

Կարո՞ղ էր այդպես չլինել։ Իհարկե, կարող էր, եթե իշխանությունները ժամանակին լուծեին այն խնդիրները, որոնք հանգեցրել են համակարգում ֆինանսական ճեղքի առաջացմանը։ Իրենք թերացել են, իրենց թերացումների ու բացթողումների պատճառով գնացել են սակագների բարձրացման ու դեռ համարում են, որ սակագների բարձրացումը հիմնավորված է։

Նույն կերպ կարելի էր կանգնեցնել ատոմակայանը, հոսանքի պահանջարկի բավարարումը դնել թանկ ջէկ-երի վրա ու ասել՝ սակագների բարձրացումը հիմնավորված է։

Ի դեպ, հոսանքի թանկացման պատճառներից է նաև ատոմակայանի հետ կապված արհեստական աժիոտաժը։ Վիժեցրին կայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ժամանակացույցը ու խնդիրներ ստեղծեցին ներգրավված գումարների սպասարկման առումով։

Մյուս պատճառն էլ ատոմակայանի տեխնիկական վերազինման աշխատանքների համար նախատեսված ժամկետներում չտեղավորվելն է։

Կայանի գործարկումը 2 շաբաթով ուշացավ՝ լրացուցիչ ճնշում առաջացնելով սակագների վրա։

Հիշեցնենք, որ ատոմակայանի չաշխատած յուրաքանչուր օրը մի քանի հարյուր հազար դոլարի ֆինանսական խնդիր է ստեղծում համակարգում։

Այս ամենը կարող էր և չլինել, եթե համակարգը ճիշտ կառավարվեր։

Չեն կարողացել ճիշտ կառավարել ու այն կանգնեցրել են ֆինանսական խնդիրների առաջ՝ ստիպված լինելով գնալ սակագների բարձրացման։

Հիմա ո՞րն է սրա հիմնավորվածությունը։

Վերջին 2 տարում հոսանքի սակագինը 7,7 դրամով բարձրացել է։ Այնինչ՝ մինչև իշխանափոխությունը գործող սակագները համարում էին չհիմնավորված ու հայտարարում էին 20 տոկոսով նվազեցնելու մասին։

Դեռ չի բարձրացել, բայց սպասվում է, որ ապրիլի 1-ից կբարձրանա նաև գազի սակագինը։

Գազի սակագները ևս խոստանում էին նվազեցնել, որովհետև հիմնավորված չէին համարում։ Եթե հիմնավորված չէին, պիտի նվազեին։ Բայց այս դեպքում էլ նվազեցում չեղավ։ Ու ոչ մեկը չպատժվեց նրա համար, որ ժամանակին չհիմնավորված սակագներ են սահմանել։

Եթե գիտե՞ք, որ նախկինում չհիմնավորված էին, ինչո՞ւ մինչև հիմա չեք պատժում դրա հեղինակներին։

Ի վերջո, սակագները հաշվարկող և հաստատող մարմինը Հայաստանում միշտ էլ եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Քանի՞ մարդ է այս ընթացքում Հանձնաժողովից պատասխանատվություն կրել՝ չհիմնավորված սակագներ սահմանելու համար։ Մի բան էլ նախկին պաշտոնյաները, որոնք պակաս պատասխանատվություն չեն ունեցել սակագների ձևավորման գործում, այսօր ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնում նույն Հանձնաժողովում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս