«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» միշտ եղել է վերջնանպատակ, որով, ի վերջո, պետք է վերջնականապես կարգավորվի ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը։

«Սակայն այլ հարց է, որ Ադրբեջանն այլ պատկերացում ունի, նա ուզում է, որպեսզի մենք լքենք Արցախը, նա իր այս նպատակը չի թաքցնում։ Պետք է աշխատել «խաղաղության պայմանագիրը» կյանքի կոչել, բայց ոչ թե Ադրբեջանի տեսակետից։ Կարծում եմ՝ Հայաստանի այս մեսիջն Ադրբեջանն այնուամենայնիվ տորպեդահարելու է»,- Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկել «խաղաղության պայմանագիրը»։

Անդրադառնալով Արցախի հարցին, Դավիթ Բաբայանը նկատեց՝ պաշտոնական Ստեփանակերտը մշտապես հայտարարել է, որ Արցախի հակամարտությունը կարող է վերջնականապես լուծվել այն ժամանակ, երբ երկու հասարակությունների միջև համապարփակ հաշտեցում լինի, ինչին Ադրբեջանի հասարակությունը դժբախտաբար պատրաստ չէ։

«Այստեղ խնդիրը ժողովուրդների մեջ չէ, լավ ու վատ ժողովուրդ չի լինում, բայց լինում են լավ ու վատ պետություններ։ Ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք երկիր, որտեղ նացիզմը պետական քաղաքականություն է»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, Դավիթ Բաբայանը հստակ ընդգծեց. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա անընդունելի է։ Ի՞նչ պետք է անի աշխարհը, ասի՝ միացեք Ադրբեջանի՞ն, եթե մենք չենք միանում, ի՞նչ պետք է անեն, կոտորելո՞ւ են մեզ, իհարկե ոչ։ Հայաստանը պաշտոնապես երբեք չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Անդրադառնալով Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, Դավիթ Բաբայանն ասաց, որ ուշ թե շուտ բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն։

«Անհրաժեշտ է, որպեսզի ցանկացած պատերազմ վերլուծվի, բայց ճիշտ ձևով, պրոֆեսիոնալ ձևով, ոչ թե շահարկումների ձևով։ Ցանկացած հանձնաժողով այդ ձևով պետք է մոտենա հարցին»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս