«Խաղեր չենք խաղում, ասում ենք այն, ինչ կա. շարունակելու ենք ամեն ինչ անել Արցախի շահերը պաշտպանելու համար». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին և ասաց, որ իրավիճակն այնպիսին է, ինչպիսին որ կա՝ բարդ, սակայն հաստատակամ։

«Այո, մեր մարմինը ծանր վիրավոր է, բայց մեր հոգին անկոտրում է, սա թող բոլորն իմանան։ Անկախ Ադրբեջանի կողմից կիրառվող տարբեր տեսակի պրովոկացիաներից, ճնշումներից, մենք մեր ճանապարհից շեղվողը չենք։ Նման կրակոցները և պրովոկացիաները միշտ եղել են և, դժբախտաբար, կլինեն։ Սա է թշնամու գործելաոճը, որը նա երբեք չի թաքցրել»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Բրյուսել կատարած իր այցին, Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ այնտեղ տարբեր հարցեր են քննարկել։

«Բնական է, Եվրոպայում կան առողջ ուժեր, որոնք մտահոգված են այն իրավիճակով, որը ստեղծվել է թուրք-ադրբեջանական-ահաբեկչական հանցավոր եռամիասնության գործունեությամբ։ Բրյուսելում բարձրաձայնել ու ընդգծել ենք այն ագրեսիայի մասին, որն ուղղված էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ։ Մենք ուղղակի առաջինն էինք, հաջորդը լինելու են ուրիշները։ Եթե քաղաքակիրթ աշխարհն աչք փակի բոլոր այս գործողությունների վրա, մշակութային ցեղասպանության վրա, որը տեղի է ունենում Արցախի օկուպացրած տարածքներում, ուրեմն ժամանակի գործոնը շատ ավելի շուտ է գալու։ Մենք հիմա տեսնում ենք, որ հարձակումները քաղաքակիրթ աշխարհի վրա վաղուց են սկսվել, բոլորդ էլ հիշում եք, թե ինչպիսի հայհոյանքով էր Էրդողանը խոսում Ֆրանսիայի նախագահի հասցեին, սա էլ է ագրեսիա, ուղղակի այլ ձևի»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը տեղեկացրեց նաև, որ Բրյուսելում բարձրաձյանել են տարբեր հարցերի, այդ թվում՝ գերիների, պատանդների, մշակութային ցեղասպանության վերաբերյալ խնդիրների մասին, միևնույն ժամանակ բարձր են գնահատել Ռուսաստանի դերակատարությունը՝ խաղաղության և կայունության պահպանման համար։

«Մենք բոլորի հետ ազնիվ ենք, խաղեր չենք խաղում, մենք ասում ենք այն, ինչ կա, և շարունակելու ենք ամեն ինչ անել Արցախի շահերը պաշտպանելու համար»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Արցախի Հանրապետության արտգործնախարարի բնորոշմամբ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում՝ մշակութային ցեղասպանություն է, որն իրականացվում է  տարբեր եղանակներով, ու բարբարոսաբար  ոչնչացնում են  հայկական եկեղեցիները, հուշակոթողները, գերեզմանոցները։

«Ադրբեջանը փորձում է  հայազրկել հայկական մշակութային կոթողները, առաջ են քաշում աղվանական թեզը, ինչը իհարկե, անհեթեթություն է։ Սա կատարվում է  այն դեպքում, երբ նրանք չեն կարողանում ուղղակի հայկական եկեղեցին քանդել, եթե իրենց կարողանային, ապա վաղուց կոչնչացնեին Դադիվանքը։ Հիմա փորձում են այլ ճանապարհով ոչնչացնել հայկականությունը։ Քաղաքակիրթ աշխարհը գոնե մի ձև այս ամենին պետք է արձագանքի։ Իսկ մենք պետք է առաջին հերթին միավորվենք, այս ամենից ապաքինվենք և ճիշտ քայլեր ձեռնարկենք, վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն և կանգնենք ճիշտ ուղու վրա»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս