Ինչու Փաշինյանը թիրախավորեց ատոմակայանը. ինչպես են թուրքական ընկերությունները հայտնվելու մեր շուկայում. Վահե Դավթյան
Հայաստանում մեկ տարվա ընթացքում երկու անգամ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ է ներկայացվել, իսկ սա արդեն խոսում է այն մասին, որ գործ ունենք էներգետիկ համակարգում առկա խորքային ճգնաժամի հետ. Ցավոք, առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություն չի էլ լինելու ՝ այս իշխանության վարած սխալ քաղաքականության պատճառով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հայաստանի էներգետիկ անվտանգության, իրականացվող քաղաքականության ու դրա հետևանքների մասին այսպիսի տեսակետ հայտնեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ հավելելով.
«Հայաստանի էներգետիկ համակարգն ավելցուկային է, այսինքն՝ ունենք ավելի շատ հզորություններ, սակայն չենք կարողանում դա ամբողջությամբ օգտագործենք։ Այս խնդրին նաև ավելացել է այն, որ ունենք հոսանքի արտահանման շատ փոքր ծավալներ, որովհետև այս իշխանությունները ձախողել են այն աշխատանքները, որոնցով հոսանքը պետք է արտահանվեր դեպի Իրան՝ այդպիսով եռապատկելով արտահանման ծավալները։
Սա դեռ բավարար չէ, 2018 թվականից էլ կոնսերվացվեց նաև դեպի Վրաստան արտահանման գիծը։ Ուստի մենք երկրի ներսում ունենք բացասական դինամիկա՝ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների նվազում 4 տոկոսով, իսկ սպառման ծավալները նվազել են՝ պայմանավորված երկու գործոնով՝ արձանագրված արտագաղթի բարձր տեմպի ու տնտեսական անկման պատճառով»,- ասաց Դավթյանը՝ հավելելով՝ հոսանքի սակագնի բարձրացումը կբերի դարձյալ հոսանքի սպառման ծավալների նվազման, ինչն իր հերթին՝ բերելու է թանկացումների և դառնալու է տնտեսության և սոցիալական համակարգի վրա լուրջ բեռ։
«Լուրջ բեռի տակ ենք հայտնվելու, որովհետև մի կողմից՝ Հայաստանն ունենալով էներգետիկ ավելի մեծ ռեսուրսներ՝ չի կարողանում համարժեք գումարներ գեներացնել, մյուս կողմից՝ էներգետիկ համակարգի պահպանման համար ստիպված է լինում պետությունը ներգրավել վարկեր և այլ պարտքեր, մինչդեռ կարող էր վարել այնպիսի քաղաքականություն, որ դուրս չմնար Հյուսիս-Հարավ միջանցքի ծրագրից»,- ասաց Դավթյանը՝ ընդգծելով, որ այս իշխանության վարած անհեռատես քաղաքականության և Իրանի հետ սխալ կառուցվող հարաբերությունների պատճառով հիմա մեզ համար գերկարևոր այդ միջանցքով հետաքրքրված է Բաքուն։
«Տարիներ շարունակ մենք ենք դիտարկվել՝ որպես Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի մաս, բայց այս իշխանությունն այդ գործընթացը կանգնեցրեց։ Մեր աչքի առաջ այսօր Բաքուն և Թեհրանն են ակտիվորեն բանակցում Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքն իրենց միջոցներով կառուցելու համար»,- ասաց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը։
Խոսելով ստեղծված իրավիճակում հայկական ատոմակայանի վերազինման հարցի, առկա կառավարչական խնդիրների մասին, որոնց պատճառով էր նաև, որ ամիսներ շարունակ «Ռոսատոմ»-ի մասնագետները չէին կարողանում գալ Հայաստան, Վահե Դավթանն ընդգծեց.
«2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանի կողմից առաջինը թիրախավորվեց ատոմակայանը. հիշում ենք, որ հայտարարում էր այդ կառույցում 500 հաստիք կրճատելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն էր, ինչն ապացուցում է նաև այն, որ մինչև հիմա որևէ հաստիք չի կրճատվել։
Պետք էր պարզապես ատոմակայանը թիրախավորել, որովհետև ատոմակայանը եղել և շարունակում է մնալ Հայաստանի ազգային անվտանգության հենասյուներից մեկը, իսկ դա թիրախավորելով՝ դու ավելի շատ հիմքեր ես ստեղծում քո երկրի էներգետիկ շուկան լիբերալիզացնելու ուղղությամբ՝ մոռանալով, որ սպառողական և անվտանգային հարացույցերի միջև Հայաստանի համար առաջնային է անվտանգայինը»։
Անդրադառնալով էներգետիկ շուկայի ազատականացման շուրջ տարածվող դրական սպասումներին, ըստ որոնց՝ համակարգի ազատականացումը կբերի սակագների նվազման, Դավթյանը նկատեց՝ Հայաստանի պես գեոքաղաքական բարդագույն վիճակում գտնվող երկրները պետք է նախ իրենց էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնեն, որից հետո նոր կարող ես դարպասներդ բացել արտաքին խաղացողների համար ու գնալ շուկայի ազատականացման։
«Սակայն առաջնային այս հարցը չեն կարգավորել և հիմա գնում են մասնավոր ընկերություններին ՀՀ էներգետիկ շուկա բերելու ճանապարհով։ Արդյունքում՝ էներգետիկ բորսաներում առևտուր են անելու մասնավոր ընկերությունները, և մեր դաշտը բացվում է արտաքին խաղացողների համար: Տեսականորեն դա կարող է լինել նաև Թուրքիան, հատկապես, որ Վրաստանից արդեն իսկ որոշ կազմակերպություններ ցանկություն են հայտնել հայկական շուկա մտնելու, իսկ քանի որ հայտնի է թուրք-ադրբեջանական կապիտալի ազդեցությունը Վրաստանի էներգետիկ համակարգի վրա, ապա չի կարելի բացառել, որ Հայաստանում էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման արդյունքում այստեղ հայտնվեն նաև թուրքական ընկերություններ»,- խոսքը եզրափակեց Վահե Դավթյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում