Թուրքիայի քաղաքացիները քանի՞ միավոր անշարժ գույք ունեն Հայաստանում և ինչո՞ւ է նախարարը պնդում, թե նրանք ազգությամբ թուրքեր են

Փետրվարի 3-ին, կառավարության հերթական նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել էր, որ թուրքական ապրանքների համար ինչպես 2020 թվականին, այնպես էլ դրանից առաջ որևիցե խոչընդոտ չի եղել:

«Եթե դուք գնաք «Փեթակ», այնտեղի ժողովուրդը տասը տարի առաջ էլ բավական գործնական հարաբերություններ է ունեցել իրենց թուրք գործընկերների հետ»,- հիմնավորելու համար ասել էր նա:

Լրագրողների դիտարկմանը, թե թուրքը Հայաստանում կապիտալ ձեռք չի բերել, Քերոբյանն, ի պատասխան, արձագանքել էր. «Որտեղի՞ց գիտեք»:

Իսկ թե ի՞նչ կապիտալի մասին է խոսքը և ե՞րբ են թուրքերը կապիտալ ձեռք բերել, Քերոբյանը մանրամասնեց.

«Միշտ: Անշարժ գույք, օրինակ, ընկերություններ և այլն: Հարցումներ ուղարկեք պետռեգիստր և կադաստր….»:

168.am-ը հենց փետրվարի 3-ին համապատասխան հարցումներ ուղարկեց թե՛ ՀՀ Կադաստրի կոմիտե, թե՛ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ հետևյալ ձևակերպմամբ. «Էկոնոմիկայի նախարարի պնդմամբ՝ թուրքերը Հայաստանում ձեռք են բերել կապիտալ՝ անշարժ գույք և ընկերություններ: Նախարարը լրագրողներին հորդորել է մանրամասների մասին տեղեկանալ Պետռեգիստրից և Կադաստրից: Խնդրում ենք տրամադրել ցանկ, թե քանի՞ անշարժ գույք են ձեռք բերել Թուրքիայի քաղաքացիները («թուրքեր») Հայաստանում և երբ՝ որ թվականներին»:

Եվ ահա, ի պատասխան մեր հարցման՝ Կադաստրի կոմիտեից մեզ տրամադրեցին Թուրքիայի քաղաքացիների կողմից անշարժ գույք ձեռք բերելու մասին տվյալներ:

Նկատենք՝ այստեղ խոսքը բացառապես ազգությամբ թուրք քաղաքացիների մասին չէ. Թուրքիայի քաղաքացիների թվում քիչ չեն հայերը:

Հետաքրքիր է՝ նախարարն անձա՞մբ էր ուսումնասիրել նրանց ազգության մասին տեղեկությունները, որ այդչափ վստահ հայտարարություններ էր անում:

Ինչևէ, ստորև Կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տեղեկությունն է՝ 2005-2021թթ. ընթացքում Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձանց կողմից Հայաստանում ձեռք բերված անշարժ գույքի միավորների մասին:

2019 թվականին, փաստորեն, 2005 թվականից սկսած՝ գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը:

Ստացվում է ընդամենը 83 միավոր գույք, որից 6-ն, ըստ տեղեկատվության,  արդեն օտարված է:

Ի դեպ, Պետռեգիստրից էլ հայտնել էին, որ հաշվի առնելով մեր լրատվամիջոցի անվճար հասանելիությունը պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին, հարցումները կարող ենք կատարել ինտերնետային կայքում՝ առանց ռեգիստր դիմելու:

168.am-ն այդ տեղեկությունը ևս կհրապարակի՝ ամբողջացնելուն պես:

Տեսանյութեր

Լրահոս