«Քանի որ ես արդեն պաշտոնյա չեմ, կարող եմ որոշ փակագծեր բացել…». Տաթևիկ Հայրապետյան
«Քանի որ ես արդեն պաշտոնյա չեմ, կարող եմ որոշ փակագծեր բացել այն ժամանակվանից՝ մնալով էթիկայի սահմաններում: Խոսքը գաղափարական խնդիրների մասին է: Հենց պատերազմից հետո կային բավականին տարբեր գաղափարական մոտեցումներ՝ իրավիճակի հաղթահարման հետագա քայլերի հետ կապված, և թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ թիմակիցները ծանոթ էին դրան: Ես անձամբ Փաշինյանին պատերազմից հետո ասել եմ՝ ինչ դիտարկումներ ունեմ, ինչպես եմ տեսնում դուրս գալը իրավիճակից, նաև նշել եմ, որ համարում եմ, որ թե՛ ինքը, թե՛ իշխող թիմը պետք է կազմակերպեն արտահերթ ընտրություններ, նաև՝ չմասնակցելով դրան, որովհետև այս իշխանությունն ուղղակի պարտության է տարել երկիրը, և հնարավոր չէ հետագա քայլերը առաջնորդել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
Նա նշեց, որ թիմում եղել է բավականին ընդգծված քննադատություն, բայց թիմից դուրս զերծ է մնացել դրանից, որովհետև դա էթիկապես սխալ է համարել.
«Այդ փուլում, երբ նախապատրաստվում էին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մյուս կողմում, այսպես ասած, գտնվում էին քաղաքական ուժեր, որոնց մերժմանը ինքս եմ մասնակցել, դրա համար նման ձևակերպումներով հանդես եկա՝ զերծ մնալով այլ հնարավորություններից: Ես հիմա էլ կարծում եմ, որ փոփոխության ճանապարհն ընտրությունն էր, ուղղակի հաշվի առնելով հանգամանքները, պետք է թեկուզ, եթե անգամ ՔՊ-ն որոշել էր մասնակցել, դա չաներ Փաշինյանի դեմքով: Այդ գաղափարական հակասությունները հաշվի առնելով՝ ի սկզբանե որոշել էի չմասնակցել ընտրություններին, բնականաբար, չսատարելով որևէ քաղաքական ուժի»:
Նախկին պատգամավորը նշեց, որ պատերազմից հետո Փաշինյանի քաղաքական թիմում մնալու որոշման հիմքում պետական շահն էր. «Ես կարծում էի, որ բավականին ծանր իրավիճակ է, այսպես թե այնպես, իմ դուրս գալով, մեծ հաշվով, իրավիճակը չէր փոխվելու, բայց ես այնտեղ մնալով՝ կարող էի ԵԽԽՎ-ում և տարբեր տեղերում խնդիրներ բարձրաձայնել, և դա արել եմ:
Դրան զուգահեռ՝ թիմում ես և ևս մի քանի հոգի հստակ խնդիրներ ենք արծարծել, նաև առաջարկել ենք քննարկել հնարավոր այլընտրանքային թեկնածուներ՝ որպես ժամանակավոր վարչապետ, իրավիճակը հաղթահարելու համար: Ինչ-որ իրավիճակներում, Փաշինյանի առաջադրած այս կամ այն թեզերին դեմ եմ հանդես եկել նաև գրավոր պահանջով: Այսինքն՝ եղել են նաև պրոցեսներ, որոնց մասին հանրությունը տեղյակ չի եղել, և ես դա նորմալ եմ համարում: Իրականում, «Իմ քայլը» խմբակցությունում եղել են մարդիկ, որոնք հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումները, որոնք տարբերվել են թե՛ պետության ղեկավարի, թե՛ ընդհանուր խմբակցության դիրքորոշումից»:
Հարցին՝ այդ մարդիկ հիմա իշխանությա՞ն են, նա պատասխանեց. «Այդ մարդիկ բոլորը դուրս են եկել թիմից»:
Տաթևիկ Հայրապետյանը հիմա այն կարծիքին է, որ Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի թեզերը շատ վտանգավոր են, դառնում են միջազգային դիսկուրսի մաս:
Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսից հետո Հայրապետյանը գրել էր, որ ԼՂ բանակցային գործընթացի խեղաթյուրմանը զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ վտանգավոր թեզ նետեց շրջանառության մեջ՝ փորձելով հավասարության նշան դնել Ադրբեջանում պետական մակարդակով տասնամյակներ շարունակ տարվող հակահայկական քաղաքականության և 90-ականների հանրային խոսքում հնչած հատուկենտ արտահայտությունների միջև:
«Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատվում էր իր դիրքորոշման համար, որ պատերազմից հետո գնում է փուլային տարբերակով խնդրի լուծման, և դա եղել է իր հրաժարականի պատճառը: Ռոբերտ Քոչարյանը գնում էր Քի Վեսթում համաձայնության Հեյդար Ալիևի հետ: Սերժ Սարգսյանը պատրաստ էր Կազանյան փաստաթուղթը ստորագրել: Այսինքն՝ յուրաքանչյուրն արտահայտել է մաքսիմալ կառուցողական դիրքորոշում, նույնիսկ քննադատվել դրա համար: Եվ հիմա կանգնել՝ նման համեմատություններ անցկացնել ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև վնասում է մեր պետությանը, արձակում է Ադրբեջանի նախագահի ձեռքերը: Ինչպե՞ս կարող են Ալիևի ելույթները էմոցիոնալ որակվել. Հետպատերազմական շրջանում դրանք է՛լ ավելի ագրեսիվ են դարձել, և առավոտից երեկո կրկնում է, որ դուք հավերժ կապրեք՝ որպես պարտված ժողովուրդ: Չգիտեմ՝ ինչու, ո՛չ պետության ղեկավարը, ո՛չ իշխանության ներկայացուցիչները հարկ չեն համարում անդրադառնալ այդ ելույթներին»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում