Թիրախում երեխաներն են. մոտավորապես 20 տոկոսի դեպքում հայտնաբերվել է գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը. քանի՞ դպրոց է անցել հեռավարի

«Մենք սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնի մեջ ենք գտնվում, և իրականացվող մշտադիտարկման արդյունքում կարելի է արձանագրել, որ այս պահի դրությամբ ունենք սուր շնչառական վարակների և գրիպով պայմանավորված հիվանդության բարձր ակտիվություն: Նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ եթե համեմատում ենք՝ կա 2.5 անգամ աճ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նա տեղեկացրեց՝ դեպքերն արձանագրվում են 0-14 և 30-64 տարիքային խմբերում:

«Փետրվարի 8-ի դրությամբ ՀՀ ստացիոնարներում բուժում է ստանում 456 պացիենտ, որից 84.8 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Իսկ թոքաբորբով ունենք 317 պացիենտ, որից 57-ը՝ 0-18 տարեկան»,- նշեց Ռոմելլա Աբովյանը:

Մոտավորապես 20 տոկոսի դեպքում հայտնաբերվել է գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը: Հիմնականում թիրախում երեխաներն են:

168.am-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հետաքրքրվեց, թե համաճարակով պայմանավորված՝ դասընթացներն ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար քանի՞ դպրոց է դիմել նախարարությանը, լրատվական բաժնից պատասխանեցին.

«Փետրվարի 8-ի դրությամբ ուսումնական հաստատություններից շուրջ 49-ն իրականացնում է ամբողջական հեռավար կրթություն, իսկ շուրջ 68-ը՝ մասնակի»: Նրանց փոխանցմամբ՝ մասնակի հեռավարի անցնելու դեպքում դպրոցը գործում է, պարզապես մի քանի  դասարաններ են հեռավար անցկացնում դասերը:

Օրինակ, կարող է՝ դասարանի ուսուցչի կամ որևէ աշակերտի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, կոնկրետ այդ դասարանն է անցել հեռավարի, իսկ եթե ամբողջ դպրոցն է անցել հեռավարի, նշանակում է՝ այնտեղ աշխատակազմի կամ աշակերտների 10 տոկոսից ավելիի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Խոսքը և Երևանի, և մարզերի դպրոցների մասին է:

Տեսանյութեր

Լրահոս