«Եթե քո իշխանությունը քեզ տանում է նվաստացման ճանապարհով, քո ակցիաները գրոշի արժեք չունեն». Արմեն Ռուստամյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով, եթե հայ հասարակությունն ակնկալում է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակն ընդդիմությունը պետք է շտկի, ապա դրա համար ընդդիմությունը պետք է գա իշխանության, այլ ճանապարհ չկա։
«Ի՞նչ է նշանակում՝ Լուկաշենկոյի հայտարարության դեմ բողոքելու համար գնալ ու Բելառուսի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անել։ Ես գնամ բողոքեմ, մեր երկրի ղեկավարը կասի՝ իյա, շատ էլ լավ հարաբերություններ ունենք, մեզ մի խանգարեք, մենք գիտենք՝ ինչ ենք անում, մենք շատ կառուցողական ենք համարում Ալիևի, Էրդողանի հայտարարությունները։ Հետևաբար, ինչքան ուզում ես՝ ակցիա արա, եթե քո իշխանությունը քեզ տանում է նվաստացման ճանապարհով, քո ակցիաները գրոշի արժեք չունեն»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ նախկին իշխանությունների՝ Հանրապետականի ժամանակ բողոքում էին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ իրենց տեսակետն էին հայտնում։
«Հիմա էլ տեսակետ եմ հայտնում, այդքանն ընդդիմությունն արել է և շարունակում է անել, պետք չէ իշխանության գործառույթները դնել ընդդիմության վրա, մի բան էլ դժգոհել, որ ընդդիմությունը դա չի անում, սա իշխանության խնդիրն է։ Երկիրը ղեկավարել, ներկայացնել արտաքին աշխարհում՝ իշխանության գործառույթն է»,- հավելեց պատգամավորը։
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանը ոչ թե Միութենական պետության մաս պետք է կազմի, այլ պետք է պահպանի իր ինքնիշխանությունը և պետք է կարողանա այնքան հզորանալ, որ ինքը որոշի իր ճակատագիրը։
«Եթե մենք թուլանանք ու շարունակենք այս նսեմացման գործընթացը, ապա մեր տեղը կորոշեն, մեզ չեն էլ հարցնի, ինչպես կապիտուլյացիան, որ որոշեցին, թե՝ պետք է գաս ստորագրես, ստիպված գնաց՝ ստորագրեց այդ փաստաթուղթը։ Եթե այսպես շարունակվի, մենք այլևս ոչինչ չենք որոշելու։ Տեսեք՝ մեր գործընկեր պետությունն ինչպես է խոսում մեզ հետ, սա լուրջ ահազանգ է, պետք է փոխենք իրավիճակը։
Մեր ժողովուրդը պետք է հասկանա, վերագտնի իր արժանապատվությունը, ոտքի կանգնի, փոխի իրավիճակը, իշխանությունը մեզ տանում է օտար օրակարգով՝ Հայաստանը տանում են թրքացման, Արցախը՝ հայաթափման, սա որքան շուտ հասկանանք, կկարողանանք իրավիճակը շտկել»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը։