Ղրիմի թաթարները Թուրքիային կոչ են արել՝ հաշտվել թերակղզու ռուսաստանյան կարգավիճակի հետ
Ղրիմի թաթարների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը հայտարարել է, թե, հարկ է, որպեսզի Թուրքիայի իշխանությունները հետեւեն արդի իրողություններին եւ հաշտվեն Ռուսաստանի հետ վերամիավորվելու ղրիմցիների պատմական ընտրության հետ։
Ավելի վաղ Vatan («Հայրենիք») թուրքական կուսակցության գլխավոր քարտուղար Դոգու Փերինչեքը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, թե անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան ընդունի Ղրիմի պատկանելությունը Ռուսաստանին, իսկ դրա փոխարեն Ռուսաստանը ճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: «Ժամանակն է, որ Թուրքիայի իշխանությունների կուսակցությունները խելացի հաշվարկ անեն եւ հետեւեն արդի իրողություններին, Ղրիմի թերակղզին ճանաչեն Ռուսաստանի մաս եւ հաշտվեն Ղրիմի՝ հայրենի հանգրվան վերադառնալու ղրիմցիների պատմական ընտրության հետ»,-ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է Ումերովը:
Նրա խոսքով՝ առայժմ Թուրքիայի իշխանությունները, հրաժարվելով ճանաչել Ղրիմը, ընտրել են Ուկրաինային սիրաշահելու մարտավարությունը: «Դա միայն տնտեսական շահի այսրոպեական ցանկություն է եւ ոչ ավելին: Ուկրաինան կանգնած է անխոհեմ քայլերի շեմին, որոնք կարող են վերջնականապես երկրի երեսից ջնջել այնպիսի մի երեւույթ, ինչպիսին ուկրաինական պետությունն է»,-ասել է Ումերովը եւ հավելել, որ, անկախ «այդ կեղտոտ խաղի» ելքից, Ղրիմի թաթարները պաշտպանելու են Ռուսաստանի Դաշնության սուվերեն սահմանները եւ ռուսական Ղրիմի շահերը բոլոր ոտնձգություններից: