ԱՄՆ-ը F-22 կործանիչների սավառնախումբ կուղարկի ԱՄԷ
Միացյալ Նահանգներն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածք կուղարկի F-22 ամերիկյան կործանիչների սավառնախումբ անօդաչուների հակազդման համար, որոնք օգտագործում են եմենյան «Անսար Ալլահ» խռովարար շարժման կողմնակիցները (հուսիները): Փետրվարի 8-ին այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար գեներալ Քենեթ Մակքենզին:
Մակքենզիի կարծիքով՝ «ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանության համակարգը շատ արդյունավետ էր երկրի վրա վերջերս տեղի ունեցած հրթիռային գրոհները կանխելու համար»: Այնուամենայնիվ, հավելել է ամերիկացի գեներալը, «ԱՄՆ-ը կաշխատի ԱՄԷ-ի հետ հակաօդային պաշտպանության համակարգի հետագա կատարելագործման նպատակով»: Հուսիները բալիստիկ հրթիռների եւ ականապատված անօդաչուների միջոցով պարբերաբար գրոհներ են իրականացնում, որոնց գլխավոր թիրախները մինչեւ վերջերս մնում էին Սաուդյան Արաբիան եւ նրա ենթակառուցվածքը, այդ թվում նավթային ենթակառուցվածքը:
Հունվարի կեսերից նրանք արդեն երեք անգամ գնդակոծել են ԱՄԷ-ի տարածքը, ինչի հետեւանքով եղել են զոհվածներ եւ վիրավորներ, եւ խոստացել են ընդլայնել այդ գրոհների մասշտաբները, եթե երկիրը չդադարեցնի «ագրեսիան Եմենում եւ նրա շրջափակումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: