Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Սիմոնյանն ու Ստեփան Մաչյանը՝ Երևանի քաղաքապետի տեղակալներ

Արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանն ընտրվեցին Երևանի քաղաքապետի տեղակալներ:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ Սուրեն Գրիգորյանին պատկերացնում է, որ պետք է համակարգի  իրավական, առևտրի, գովազդի  ոլորտները:

«Առևտրի և գովազդի ոլորտները տարիների ընթացքում բարձիթողի վիճակում են գտնվել: Այս պահի դրությամբ էլ ԱԺ-ում տարբեր օրենսդրական նախագծեր կան, որ ներկայացվել են փոփոխման: Կարող ենք օրենսդիր և գործադիր իշխանություններին տեղեկություն տալ, ճիշտ ուղղորդել, որպեսզի ունենանք կանոնակարգված ոլորտ, որպեսզի խաղի կանոնները բոլորի համար լինեն հավասար»,- ասաց քաղաքապետը:

Տեղի ունեցավ քվեարկություն, Սուրեն Գրիգորյանը 50 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալ:

Քաղաքապետի տեղակալի հաջորդ թեկնածուն Ստեփան Մաչյանն էր:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ երկար ժամանակ պարոն Մաչյանի հետ աշխատել է բանկային համակարգում, իրականացրել է վերլուծական, անալիտիկ աշխատանք: Առաջարկելու է, որ կոորդինացնի քաղաքաշինական բլոկը:

«Ցավոք, գլխավոր ճարտարապետի ինստիտուտը Երևան քաղաքում էլ չունենք, բայց կարծում եմ, որ այն պետք է գործի քաղաքապետարանում: Պարոն Մաչյանն այդ ոլորտում փորձ չունի, և կարծում եմ՝ դա նրա դրական կողմերից մեկն է, կարծում եմ՝ բոլոր հարցերին օբյեկտիվ կմոտենա»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:

Ստեփան Մաչյանի քվեարկության ժամանակ 55 հոգի կողմ քվեարկեց, 0՝ դեմ, և 1-ը՝ ձեռնպահ:

Հավելենք, որ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը 51 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով ևս ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալ:

Տեսանյութեր

Լրահոս