
Ինչո՞ւ Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանի աշխատասենյակի 2-րդ դուռը կապարակնքված չէ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արամ Մելքոնյանի ծառայողական մեքենան, ինչպես նաև աշխատասենյակի դուռն օրեր առաջ մարզպետարանի աշխատակիցները կապարակնքել էին:
168.am-ի տեղեկություններով՝ հենց այդ օրն էլ նախկին համայնքապետը մարզպետարանի աշխատակիցներին էր փոխանցել աշխատասենյակի բանալին և համայնքապետարանի կնիքը:
Սակայն 168.am-ն այսօր առավոտյան ֆիքսել էր, որ համայնքապետի աշխատասենյակի 2-րդ՝ դեպի նիստերի դահլիճ տանող դուռը կապարակնքված չէ: Ի դեպ, աշխատասենյակի հիմնական մուտքի մոտ պահպանված է նաև նախկինում համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի անունով ցուցատախտակը:
Այդուհանդերձ, ավագանու ՔՊ-ական անդամներից մեկը երբ նկատեց, որ լրագրողը ֆիքսել է չկնքված դուռը, բորբոքված ընդվզեց՝ ասելով.
«Խի՞ ես նկարում, ասում եմ՝ ներսի դռանը կնիք կա»:
Դիտարկումից հետո, որ լրագրողը տեսանկարահանելու իրավունք ունի, և, որ ավագանու անդամն իրավունք չունի խոչընդոտել լրատվամիջոցի աշխատանքը, սույն երիտասարդը հեռացավ, իսկ վայրկյաններ անց համայնքապետարանի աշխատակիցներից մեկը նիստերի դահլիճի դուռը կողպեց:
Ավելի ուշ Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանի հետ զրույցի ընթացքում սույն ավագանու անդամ երիտասարդը եղունգը կրծելով հրեց լրագրողին ու դուրս եկավ համայնքապետարանի շենքից: