Ճապոնիայի խորհրդարանը հանդես է եկել Ուկրաինայի ստատուս-քվոն ուժային մեթոդներով փոխելու դեմ
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը փետրվարի 8-ին բանաձեւ է ընդունել Ուկրաինայի շուրջ լարվածության աճի վերաբերյալ, որը դատապարտում է նրա ստատուս-քվոն ուժով փոխելու բոլոր փորձերը:
Այդ մասին աղորդում են ԶԼՄ-ները: «Պալատը խորապես անհանգստացած է իրադրությամբ եւ հայտարարել է, որ ինքը միշտ ուկրաինացի ժողովրդի հետ է, որն իր երկրի եւ տարածաշրջանի կայունության հույսն ունի: Ցանկացած երկրի ստատուս-քվոն ուժով փոխելը երբեք ընդունելի չէ»,-ասվում է խորհրդարանի բանաձեւում: Միաժամանակ խորհրդարանականները վարչապետ Ֆումիո Կիսիդայի կառավարությանը հորդորել են հնարավոր ամեն բան անել խաղաղության ձեռքբերման համար:
«Մենք համառորեն կոչ ենք անում կառավարությանը՝ իրականացնել մեր հույսերը, համագործակցել միջազգային հանրակցության հետ, օգտագործել բոլոր դիվանագիտական ռեսուրսները եւ հնարավոր ամեն բան անել Ուկրաինայում լարվածության թուլացման եւ շուտափույթ խաղաղության ձեռքբերման համար»,-ասվում է բանաձեւում: Անցած ամսին տեղի ունեցած վիրտուալ հանդիպմանը Կիսիդան եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պայմանավորվել են համատեղ աշխատել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները զսպելու ուղղությամբ: Արեւմուտքի երկրները վերջին շաբաթներին անհանգստություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի զորքի տեղաշարժման առնչությամբ: Նրանք կարծում են, որ Ռուսաստանը կարող է ներխուժում պլանավորել հարեւան երկիր, եւ նրան սպառնում են պատժամիջոցներով: Մոսկվան քանիցս հայտարարել է, որ նման ոչինչ չի պլանավորում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: