«Աշխարհն ինչ-որ կերպ պետք է վերջապես արձագանքի, ոչ թե կոչերով հանդես գա, այլ կոնկրետ կոշտ քայլեր ձեռնարկի, հակառակ դեպքում՝ ստացվում է, որ միջազգային իրավունքը դեգրադացվում է». Բաբայան
EurasiaNet-ում հոդված է հրապարակվել 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հետքի վերացման վերաբերյալ։
Ըստ հոդվածի՝ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ջնջել հայկական գրությունները կրոնական վայրերից՝ այն տարածքում, որոնք գրավել է 2020 թվականին Հայաստանի հետ պատերազմի ժամանակ։
Հոդվածագրի խոսքով՝ Ադրբեջանն իր այդ քայլը հիմնավորել է` պնդելով, որ եկեղեցիներն ի սկզբանե եղել են Կովկասյան Ալբանիայի ժառանգությունը, հին թագավորություն, որը ժամանակին գտնվում էր ներկայիս Ադրբեջանի տարածքում: Տեսությունը, որը չեն պաշտպանում պատմաբանները, երկար ժամանակ քարոզվել է ադրբեջանցի ազգայնական պատմաբանների կողմից և ընդունվել Բաքվի ներկայիս կառավարության կողմից:
Հոդվածագիրը մեջբերում է Ադրբեջանի Մշակույթի նախարար Անար Քարիմովի՝ փետրվարի 3-ի ճեպազրույցը, որում նա նշել է, թե ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պատասխանատու կլինի «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը վերացնելու համար»։
«Մենք աշխատանքային խմբի անդամների հետ պատրաստվում ենք ստուգել այդ վայրերը, և ստուգումից հետո մենք կդիտարկենք մեր հետագա քայլերը»,- ըստ հոդվածագրի՝ ասել է Քարիմովը։ Թեև նա չի նշել, թե ովքեր են լինելու աշխատանքային խմբում, նախարարը հայտարարել է, որ խումբը բաղկացած է լինելու՝ «ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային փորձագետներից»։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ բազմիցս հայտարարություններով, մեկնաբանություններով ընդգծել են, որ Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն։
«Ադրբեջանն այդ ամենը երբեք չի թաքցրել, Ադրբեջանի նախագահը քանիցս նման կարգադրություն է տվել՝ ջնջել հայկական հետքն օկուպացրած տարածքներում։ Հիմա այն, ինչ Ադրբեջանն անում է՝ անում է բացեիբաց։ Այս մասին մենք բարձրաձայնել ենք ու բարձրաձայնում ենք, աշխարհն ինչ-որ կերպ պետք է վերջապես արձագանք տա այս ամենին, ոչ թե պետք է կոչերով հանդես գա, այլ կոնկրետ Ադրբեջանի այդ ցեղասպան քաղաքականության դեմ կոշտ քայլեր ձեռնարկի, եթե քայլեր չի ձեռնարկում, ստացվում է, որ միջազգային իրավունքը դեգրադացվում է։ Այսինքն՝ ստացվում է, որ ով ինչ ուզում՝ անում է, և փաստորեն օրենքն ու իրավունքը չեն կարողանում Ադրբեջանին ստիպել իրեն պահել այնպես, ինչպես պարտավոր է պահել։ Հետևաբար՝ սա ես համարում եմ նաև հավասարապես մարտահրավեր ողջ քաղաքակիրթ հանրության համար, ցեղասպան քաղաքականություն այդ հանրության հանդեպ»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Ըստ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարի, եթե այսօր Ադրբեջանի այս գործողությունների դեմ քայլեր չձեռնարկվեն, վաղը նույն գործողությունները զարգանալու են նաև այլ տեղերում։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ պետք է համառորեն շարունակեն վարել իրենց քաղաքականությունը՝ կրկնելով, որ այստեղ խնդիրը վերաբերում է ոչ միայն Արցախին ու Հայաստանին, այլև ողջ քաղաքակիրթ հանրությանը։ Անհրաժեշտություն է, որպեսզի Ադրբեջանի այդ ցեղասպան քաղաքականության մասին խոսեն ու բարձրաձայնեն ամենուր, քանի որ այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը, ցեղասպանություն է քաղաքակրթության դեմ։
«Այսօր ինչ հնարավոր է, մենք անում ենք, բայց դրանից զատ, քաղաքակիրթ հանրությունը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ, առանց դրա՝ միայն մեր ուժերով, որևէ բան չի ստացվելու։ Պետք է օգտագործվի տարբեր խողովակներ՝ փորձագիտական, մարդու իրավունքների պաշտպաների կառույցները, նաև միջազգային կառույցներ, բոլոր ուղղություններով պետք է աշխատենք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։