«Մարդիկ, որոնք՝ «թողեք աշխատեն» տրամաբանությունը կրողներն էին, արդեն ասում են՝ չէ՛, էլ հնարավոր չէ, պետք է մի բան անել…». հոգեբան
«Նույնիսկ առանց ճշգրիտ սոցիոլոգիական մեթոդիկաների հետազոտություն անցկացնելու, առանց ակնոցների էլ՝ բոլորս տեսնում ենք տրամադրությունների շեշտակի փոփոխություն, անկում»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի տարեվերջյան հարցումներին և, մասնավորապես, Հայաստանի իշխանությունների հանդեպ բնակչության վստահության նվազմանը՝ նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Հոգեբանի կարծիքով՝ տրամադրությունների փոփոխությունները նկատելի էին հեղափոխության մեկ տարին դեռ չլրացած, իսկ պատերազմից հետո առավել նկատելի դարձան:
Առհասարակ, Կարինե Նալչաջյանը նշում է՝ նմանատիպ տվյալների հրապարակումները պետք է դիտարկել ինֆորմացիոն պատերազմի տրամաբանության մեջ և կասկածով վերաբերվել դրանց:
Հիշեցնենք, որ հարցումները մասնավորապես արձանագրել էին՝ հարցվածների 46 տոկոսի կարծիքով՝ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ, իսկ հակառակ կարծիքի էին 34 տոկոսը, հարցվածների 90 տոկոսը նշել է, որ Հայաստանի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքը Թուրքիան է, 77 տոկոսը՝ Ադրբեջանը, և ճնշող մեծամասնությունը հենց Թուրքիան և Ադրբեջանն է համարում նաև անվտանգային և տնտեսական սպառնալիք:
«Սպառնալիքի մասին թիվը ճշմարտանման է. առհասարակ, հոգեբանական ազդեցություններ գործելու համար պետք է ինչ-որ բան ասել, որ շատ վստահելի լինի մարդկանց համար, ու այդ ֆոնի վրա կարող ես ինչ-որ մի տվյալ, թել առաջ տանել, որն ինֆորմացիոն զենքի բնույթ ունի,- նշեց Կ․ Նալչաջյանը՝ անվստահություն հայտնելով հատկապես այն ցուցանիշի վերաբերյալ, որը փաստում էր, թե հարցվածների 34 տոկոսը կարծում է, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ,- Հայաստանում այսօր 20 տոկոս մարդ հազիվ կգտնեք, որոնք դեռ հավատում են այս իշխանություններին, համարում են, որ ճիշտ ուղիով են գնում: Հենց օրերս խանութում տեսա՝ հացը թանկացել էր, և այն մարդիկ, որոնք «թողեք աշխատեն» տրամաբանությունը կրողներն էին, ասում էին՝ չէ՛, էլ հնարավոր չէ, պետք է մի բան անել… Կարծում եմ՝ այս իշխանությունների սոցիալական հենարանը շատ ավելի թույլ է»:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին՝ հոգեբանը սա համարում է այն կետը, որը վստահություն է առաջացնում տվյալների նկատմամբ: Նա շեշտեց՝ հայի մոտ թուրքի նկատմամբ անվստահության, թշնամու կերպարի մասին պատկերացումը նույնիսկ արքետիպային մակարդակում կա, «ինչը լավ է, քանի որ ինքնապաշտպանական է»:
«Եթե նույնիսկ այդ արքետիպային հարցերից էլ վերանանք, հենց աչքի առաջ մենք զոհերի այսպիսի քանակ Եղեռնից հետո չէինք տեսել. սա սպանդ է եղել, պատերազմ չի եղել:
Այո՛, մեր ժողովրդի մեջ շատ քիչ են մարդիկ, որոնք հոգեբանորեն այնքան են զոհ դարձել, որ նաև մտածում են՝ թուրքի հետ լավ կլինեմ, առևտուր կանեմ, ինչ-որ խայծեր կուլ կտամ: Իսկ այդպիսի խայծեր լինելու են, եթե մենք այս կործանման ճանապարհը շարունակենք: Սակայն մեր ժողովրդի մեջ, բարեբախտաբար, թուրքի նկատմամբ զգուշավորությունը դեռ կա»,- եզրափակեց Կարինե Նալչաջյանը: