Երկնիշ տնտեսական աճը՝ սառույցին գրված խոստում
Վիճակագրական կոմիտեն արդեն հրապարակել է նախորդ՝ 2021 թվականի տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումների ցուցանիշները։ Ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ 2020 թվականի ընթացքում թե՛ Կովիդ-19-ի համաճարակը, թե՛ 44-օրյա պատերազմը լուրջ հետևանքներ էին թողել երկրի տնտեսական իրավիճակի վրա, սակայն այդ համատեքստում առնվազն տարակուսելի էր, թե ինչի հիման վրա էր գործող իշխանությունը վստահ, որ 2021-ի համար արձանագրելու է բարձր ցուցանիշներ, որ ի զորու է գտնվելու վերականգնել տնտեսությունը, այն էլ՝ այն դեպքում, երբ հետպատերազմական շրջանում և դեռ շարունակվող համավարակի պայմաններում երկրի առջև ծառանում են նոր՝ սոցիալական, առողջապահական բնույթի լայնածավալ խնդիրներ։
2021 թվականին Հայաստանում արձանագրված տնտեսական աճի տեմպի բավական մեծ տատանողականությունը, թերևս, հենց արձանագրումն է վերոնշյալի, որ տնտեսությունում առկա են բազմաթիվ անորոշություններ և ճգնաժամը վերականգնելու տարաբնույթ դժվարություններ։
Ժամանակից շուտ իշխող կառավարությունը շտապեց չափազանց լավատեսական սպասումներ ձևավորել՝ հիմնվելով տարեսկզբին տնտեսական վերականգնման սպասվածից ավելի բարձր տեմպի ցուցանիշների վրա, ինչն էլ իր հերթին՝ թուլացրեց զգոնությունը, խանգարեց իրավիճակի ռեալ գնահատմանը ու համապատասխան քայլերի ձեռնարկմանը։ Շատերը կհիշեն 2021թ.-ի փետրվարին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի սկանդալային գրառումն այն մասին, որ «Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է», և կրկին վերահաստատել էր 2021թ.-ին երկնիշ տնտեսական աճ ունենալու իր կանխատեսումը։ Արդյունքում ականատեսը եղանք նրան, որ մայիս ամսից տնտեսական ակտիվության տեմպը սկսեց կտրուկ դանդաղել։ Մասնագետների կարծիքով՝ դա տեղի ունեցավ այն պատճառով, որ աստիճանաբար սկսեց չեզոքանալ բազայի էֆեկտի ազդեցությունը։
Տարին ամփոփվեց նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին աճի որոշակի արագացմամբ, ինչն իր հերթին աճ է թվում, քանի որ մասամբ պայմանավորված է նաև 2020թ. հետպատերազմյան զարգացումներով պայմանավորված ցածր բազայով։ 2021թ.-ին փաստացի տնտեսական ակտիվության աճը կազմեց 5.8%։ Այս ցուցանիշն իր բացարձակ արժեքով ավելի ցածր է, քան 2020թ.-ի անկման ցուցանիշը։
Հիշեցնենք, որ 2020թ.-ին ՏԱՑ-ի անկումը կազմել էր 7.5%՝ այն դեպքում, երբ երկրում համավարակի սուր շրջան էր և ընթացող պատերազմ։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսական վերականգնմանը, ապա դրա մասին հնարավոր կլիներ խոսել, եթե 2021թ. տնտեսական արդյունքն իրական արտահայտությամբ առնվազն հավասար լիներ մինչճգնաժամային տարվա՝ 2019թ. արդյունքին: Մինչդեռ, 2021թ. տնտեսական ակտիվությունը շուրջ 2.1%-ով ցածր է եղել 2019թ. համապատասխան ցուցանիշից:
Ի՞նչ է ստացվում. իրականություն չի դարձել ո՛չ Կառավարության խոստումը՝ երկնիշ տնտեսական աճ արձանագրելու, ո՛չ էլ լուրջ քայլեր են ձեռնարկվել տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ։ Այս ամենի հետ մեկտեղ՝ մտահոգիչ է Կառավարության անդամների մոտեցումն արձանագրված ցուցանիշներին։
Մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունն այն մասին, թե երկնիշ աճի իր կանխատեսումն արվել է՝ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց ու հատկապես՝ գործարարներին, լավատեսություն ներշնչելու նպատակով, կամ մեկ այլ հայտարարություն, ըստ որի՝ Վահան Քերոբյանը նկատի է ունեցել տնտեսական ակտիվության անվանական ցուցանիշի աճը՝ առանց գնաճի, քանի որ նախարարը վստահ է, որ Էկոնոմիկայի նախարարությունը պատասխանատու չէ գնաճի համար։