«Արև էին խոստացել, բայց անգամ լամպի լույս չկա. մարդիկ կրակն են ընկել իրենց ընտրության ձեռքը». Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ աշխարհը վաղուց արդեն ռեալ-պոլիտիկով է շարժվում, ոչ թե արդարության, դեմոկրատիայի նորմերով:
«Շատ լավ իմանալով դրա մասին՝ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը փորձում են փաստի առաջ կանգնեցնել աշխարհին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական բանագնացների երկրորդ հանդիպումից առաջ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից Շուշիի հռչակագրի վավերացմանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը վաղուց սուբյեկտ չէ, օբյեկտ է, և ոչ թե բանակցային սեղանի շուրջ, այլ՝ սեղանի վրա. «Բանակցողներն աշխարհաքաղաքական կենտրոններն են՝ Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, առայժմ Չինաստանը չկա, միգուցե, եթե լինի, մեզ համար ավելի լավ լինի, բայց դա բոլորի բացթողումն է, որ մենք այդպես էլ չկարողացանք ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա Չինաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատել»:
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին, Վիեննայում, թեպետ Մոսկվայում կայացած առաջին հանդիպումից հետո Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին, թե երրորդ կողմի կարիքը չկա, և հանդիպումները պետք է անցկացվեն Թուրքիայում և Հայաստանում:
Կարեն Քոչարյանը չի բացառում, որ այստեղ Ռուսաստանի «մատն է խառը». «Ռուսաստանը, հասկանալով, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները յուրաքանչյուր պահի պատրաստ են գցել բոլորին, խնդիր է դրվել, որպեսզի նման բան չլինի: Ռուսաստանը չի ուզում իրավիճակը ձեռքից բաց թողնել, և խնդիր է դրվել, որպեսզի նեյտրալ տարածքում լինի այդ հանդիպումը»:
Հարցին՝ այսինքն՝ Ռուսաստանում չե՞ն վստահում ՀՀ իշխանություններին, նա պատասխանեց. «Իհարկե, չեն վստահում: Շատ լավ օգտագործում են, բայց չեն վստահում: ՀՀ իշխանություններին ոչ ոք չի վստահում»:
Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ ավելի վստահելի իշխանություն չեն փորձում ձևավորել Հայաստանում, թե՞ իրենք չեն որոշողը:
«Որովհետև չեն գտնում մի իշխանություն, որը և՛ վստահելի կլինի, և՛ կանի այն, ինչ իրենք հիմա ուզում են»,- ի պատասխան՝ ասաց նա:
Կարեն Քոչարյանը ձևակերպեց հայտնի ասույթը՝ հեղափոխություններն ով իրագործում կամ նախապատրաստում է՝ էական չէ, բայց պտուղներից վերջին տարիներին օգտվում է Ռուսաստանը. «Եթե նկատեք՝ անկախ նրանից՝ որտեղ և ինչ պայմաններում է եղել հեղափոխությունը, այդ ամենից հետո այդ պետությունն այս կամ այն կերպ ինչ-որ տարածք է կորցրել, և այդ տարածքը այս կամ այն կերպ՝ դե յուրե կամ դե ֆակտո անցել է Ռուսաստանին: Դա փաստ է: Այդ առումով՝ Ռուսաստանն իր շահերն ունի այս տարածաշրջանում: Հատկապես, որ ընթանում են հերթական աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունները, այդ առումով բնականաբար, չի կարող այստեղ շահեր չունենալ, ինչպես և մնացած գերտերությունները»:
Քաղտեխնոլոգը նշեց, որ առկա պայմաններում և իրավիճակում իշխանությունները չեն կարողանալու հասնել խաղաղության դարաշրջանի. «Անգամ նսեմացուցիչ պայմաններով իրենք չեն հասնելու խաղաղության»:
Նրա գնահատմամբ՝ հասարակությունն այս պահին ոչինչ չի ուզում, կամ չի հասկանում՝ ինչ է ուզում.
«Հասարակությունը բավականին լուրջ ապատիայի մեջ է, չգիտի՝ ինչ անի, կրակն է ընկել իր ընտրության ձեռքը: Չկա որևիցե լույս թունելի վերջում. արև էին խոստացել, բայց անգամ լամպի լույս չկա: Մարդկանց մի մասը կշարունակի անել այն, ինչ տարիներ շարունակ արել են Հայաստանում, այսինքն՝ կարտագաղթի, որովհետև միայն 2021թ. թվերը սարսափելի թվեր են, և չեմ կարծում, որ այդ տենդենցը կկանգնի, մյուս մասը դեպրեսիայի մեջ կշարունակի մնալ՝ լավ օրերի սպասումով»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում