Սարսափելի գործընթացներ են գնում. Ադրբեջանը զենքով գալու է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի վրա. Խաչատրյան

Փետրվարի 3-ին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի մեկուսացումից դուրս եկած և աշխատանքի վերադարձած Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում հերթական անգամ հայտարարեց, իր բնորոշմամբ, նորանկախ Հայաստանի պատմության մեջ արձանագրված ռեկորդի մասին։

Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 659.471 աշխատատեղ, ինչը բացարձակ ռեկորդ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադառնալով վերոբերյալ մեջբերմանը՝ Փաշինյանի հրապարակած թվերին ու դրանք ռեկորդ բնորոշելուն, համարեց դա հասարակությանը մոլորեցնող երևույթ և հիմնավորեց.

«Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանում աղքատությունը կազմում է 30 տոկոս, ավելի բարձր՝ քան մինչև Փաշինյանի իշխանության գալն էր, իսկ 2020 թվականի տվյալներով՝ Հայաստանում գործազրկության մակարդակն ամենաբարձրն է եղել։ Այնպես որ, Համաշխարհային բանկի տվյալներով՝ անգամ 1 տոկոս գործազրկության նվազում տեղի չի ունեցել»։

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում արձանագրվել է 5.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, և Արթուր Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը Փաշինյանը Կառավարության նիստում ներկայացրեց՝ որպես տնտեսական աճի ցուցանիշ, մինչդեռ դրանք տարբեր բաներ են։

«Ուզում եմ նաև, որ Վահան Քերոբյանն էլ լսի, որ տնտեսական աճն ու տնտեսական ակտիվությունը տարբեր բաներ են։ Մեր երկրի տնտեսական աճը կլինի շատ ավելի փոքր, քան նախատեսում է այս Կառավարությունը, ու թեև վերջնական թվերը դեռ չկան, Փաշինյանն ասում էր, թե Հայաստանի արձանագրած տնտեսական աճն անգամներով ավելի շատ է կանխատեսածից։ Այստեղ էլ պետք է ընդգծեմ, որ Փաշինյանի իշխանությունը կանխատեսել էր 6.5 տոկոս տնտեսական աճ, հիմա արձանագրել են 5.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ 5.8 տոկոսը 6.5-ից անգամներով մեծ չէ։ Այնպես որ, Փաշինյանը տնտեսագիտությունից բան չի հասկանում, և իրեն խաբում են, որովհետև մենք, ի տարբերություն ԵԱՏՄ անդամ պետությունների, դեռ չենք էլ վերադարձել 2019 թվականի մակարդակին»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Ըստ Խաչատրյանի՝ իշխանությունները մանիպուլյացնում են քաղաքացիներին նաև, երբ հայտարարում են, թե Հայաստանի Կառավարությունը կարողացել է զսպել գնաճը, և ԵԱՏՄ անդամ պետությունների համեմատ ՀՀ-ում արձանագրվել է ցածր գնաճ։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այստեղ ևս իշխանությունը ստում է, որովհետև գնաճը կարողացել են այս աստիճանի վրա պահել, որովհետև թողարկել են եվրապարտատոմսեր ու 700 միլիոն եվրոյով ավելացրել Հայաստանի արտաքին պարտքը. ասել է թե՝ պարտք են վերցրել, լցրել շուկա, որպեսզի գնաճն ավելի բարձր չլինի։

Ինչ վերաբերում է Կառավարության ղեկավարի այն հայտարարությանը, թե տնտեսության զարգացմանը կնպաստի Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շահագործումը, որի ուղղությամբ արդեն իսկ տեսանելի առաջընթաց կա, Արթուր Խաչատրյանը նկատեց, որ այս երկթուղու հնարավոր շահագործման տակ, հայտնի չէ, թե ի՞նչ տնտեսական հաշվարկներ են դրված։

Խաչատրյանը պնդեց՝ եթե Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիմք է ընդունում 2001 թվականի Համաշխարհային բանկի մի զեկույց ու ասում, որ Հայաստանի և Թուրքիայի հետ բաց սահմանների դեպքում ՀՀ-ին ՀՆԱ-ն կաճի 30 տոկոով՝ մոռանալով, որ այդ զեկույցից անցել է 21 տարի, ու աշխարհը փոխվել է, ուստի չի բացառվում, որ նման՝ արդեն առոչինչ դարձած ևս մեկ զեկույց էլ որպես հիմք դրված լինի Փաշինյանի՝ երկաթգծի շահագործումից սպասվող լավատեսության տակ։

Հարցին՝ իսկ ինչպե՞ս է հնարավոր հասնել այդ երկաթուղու շահագործմանը, երբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասում է, որ Բաքուն սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի առաջարկները մերժել է, Արթուր Խաչատրյանը պատասխանեց՝ քանի դեռ Արցախի խնդիրը լուծված չէ, որևէ ճանապարհի հարց չի՛ լուծվի, քանի դեռ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչված չէ, երկաթուղու և ճանապարհների հարցերն այդպես էլ կմնան ածանցյալ։

«Նոր եմ վերադարձել Արցախից, այնտեղ սարսափելի գործընթացներ են գնում, եթե Արցախում կռիվ եղավ, որն Ադրբեջանը չի էլ թաքցնում, Ադրբեջանը զենքով գալու է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի վրա, ու հարց է առաջանում՝ քանի՞ կոպեկի արժեք է ունենալու այդ երկաթուղին։ Եթե անգամ Փաշինյանի ասած երկաթուղին կառուցված լինի, միևնույն է, թուրքերն առաջին հերթին հենց դա են փակելու անցակետով այնպես, ինչպես Գորիս-Կապանի դեպքում արվեց»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս