
Ընդդիմությունը որոշել է նախագահի թեկնածու չառաջադրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը որոշել է նախագահի թեկնածու չառաջադրել: Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո սկսված տեւական քննարկումների արդյունքում հաղթել է ընդդիմության այն թևը, որը միշտ կողմ է ոչինչ չանելուն, որ իրենց իբր չմեղադրեն իշխանության առաջ քաշած օրակարգերը լեգիտիմացնելու համար։
Մասնավորապես` չառաջադրելու կողմնակից են եղել Անդրանիկ Թևանյանն ու Արթուր Ղազինյանը: Եվ անգամ այն փաստարկը, որ դա հնարավորություն կլինի ամբիոնն օգտագործելու և իշխանական թեկնածուի սնանկությունը ցույց տալու, դեր չի խաղացել:
Այսօր երկու ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ նման հնարավոր հանգուցալուծման մասին, սակայն կառուցողական թեւից վստահեցնում էին՝ կկարողանան համոզել, որ այս տրամաբանությամբ անիմաստ է մնալ խորհրդարանում եւ պետք է վայր դնել մանդատները»: