Պարանը ձգվում է. սպառողները կրկին ուրախանալու առիթ չեն ունենա

Կենտրոնական բանկը հույս ունի, որ այս տարի գնաճը լինելու է կառավարելի, տարվա ընթացքում աստիճանաբար նվազելու է և վերադառնա թիրախային ցուցանիշների միջակայք։ Դրա համար ԿԲ-ն բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը, հրաժարվել է խթանող դրամավարկային քաղաքականությունից և անցել զսպողականի։ Այլ հարց, թե այդ քաղաքականությունը մինչև հիմա որքանո՞վ է նպաստել գնաճի զսպմանը։

Հիշեցնենք, որ անցած տարի միջին գնաճը կազմեց 7,2 տոկոս, իսկ 12-ամսյա հատվածում հասավ 7,7 տոկոսի։

Կենտրոնական բանկի քայլերը դրա վրա, անշուշտ, ունեցել են որոշակի ազդեցություն, բայց ոչ միայն դրա վրա։ Փորձելով զսպել գնաճը՝ ԿԲ-ն, ըստ էության, խոչընդոտներ է ստեղծել նաև տնտեսության զարգացումների համար։

Սակայն դա առավելագույնն էր, որ կարող էր անել Կենտրոնական բանկը՝ գնաճային բարձր միջավայրի պայմաններում։

Գուցե կարելի էր նաև ավելի խիստ դրամավարկային քաղաքականություն վարել, բայց դրա հետևանքները տնտեսության համար ավելի ծանր էին լինելու։ ԿԲ-ն չի գնացել այդ քայլին՝ տնտեսությանն ավելի չվնասելու համար։ Հատկապես որ, գնաճի պատճառները շատ դեպքերում կապված չէին դրամավարկային քաղաքականության հետ։

Դեռ վաղ է ասել, թե այս տարի ինչպիսի վարքագիծ կդրսևորի Կենտրոնական բանկը, որովհետև գնաճի վրա ազդող բազմաթիվ գործոններ առայժմ պահպանվում են, մի քանիսը նույնիսկ ավելացել են։ Իհարկե, կան նաև գործոններ, որոնք թուլացել են։ Բայց դրանք կապված են ոչ այնքան՝ բուն գնաճի, որքան՝ բազային ցուցանիշների հետ։ Մասնավորապես, անցած տարվա բարձր բազայի վրա, ենթադրվում է, որ այս տարի գնաճը ավելի ցածր կլինի։

Այդ հույսով էլ Կենտրոնական բանկը համարում է, որ գնաճի մակարդակն աստիճանաբար կվերադառնա թիրախային ցուցանիշների տիրույթ։

Դրանից, սակայն, սպառողներն ուրախանալու առիթ չեն կարող ունենալ, որովհետև գները կշարունակեն ոչ միայն նույնքան բարձր մնալ, որքան հիմա են, այլև էլի կբարձրանան։ Կենտրոնական բանկը դեռևս չի հաշվարկել այն ազդեցությունը, որը գնաճի վրա կարող է ունենալ գազի սպասվող թանկացումը։

Իսկ որ այդ ազդեցությունը լինելու է, միանշանակ է։ Հատկապես որ, դատելով ինչպես գազամատակարար ընկերության ներկայացրած հայտից, այնպես էլ՝ իշխանությունների կողմից նախկինում իրականացրած սակագնային քաղաքականությունից, գազի թանկացման բեռը հիմնականում կրելու է տնտեսական հատվածը։ Տնտեսության վրա հանրային ծառայությունների ոլորտից թելադրված սակագնային ծանրությունը փոխհատուցվելու է, առաջին հերթին՝ գների բարձրացման միջոցով։

Գների կախվածությունն էներգակիրների սակագներից բավական ընդգրկուն է ու շղթայական՝ մեկի թանկացումից բխում է մյուսի թանկացումը։

Սպասվող գնաճի վրա սա ի՞նչ լրացուցիչ ճնշում է ենթադրում, կտեսնենք ավելի ուշ։ Ամեն դեպքում, կարգավորվող գներից կախված՝ այս պահին լրացուցիչ գնաճը գնահատվում է 1-1,5 տոկոսի սահմաններում։

Գնաճը թուլացնելու համար Կենտրոնական բանկը կգնա՞ դրամավարկային քաղաքականության պայմանների հետագա կոշտացումների, թե՞ ոչ, կերևա հետագայում։

Տարվա մեկնարկին ԿԲ-ն մեկ քայլ արդեն արել է. 0,25 տոկոսային կետով բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը։

Չնայած նման խստացումները ցանկալի չեն տնտեսության համար, այնուհանդերձ, դրանք երբեմն պարտադրված են լինում՝ թելադրված՝ ինչպես զուտ բարձր գնաճային միջավայրից, այնպես էլ՝ սոցիալական իրավիճակից։

Կասկած չկա, որ այս տարի ևս սոցիալական իրավիճակը Հայաստանում շարունակելու է վատանալ։ Այդպես է լինելու նույնիսկ այն պարագայում, եթե հաջողվի ապահովել կառավարության նախանշած՝ 7, անգամ՝ 9 տոկոս տնտեսական աճը։ Այն քաղաքականությունը, որն իրականացնում է կառավարությունը սոցիալական ոլորտում, այլընտրանքի տեղ պարզապես չի թողնում։ Վատանալու է հատկապես այն քաղաքացիների սոցիալական վիճակը, ովքեր առավել վատ պայմաններում են գտնվում։ Գուցե հասարակության որոշ շերտերի դեպքում՝ տնտեսական զարգացումներից կախված, գնաճի հետևանքներն ավելի թույլ լինեն։ Բայց հասարակության մեծ մասի պարագայում ունենալու ենք սոցիալական իրավիճակի վատացում։

Սա խնդիր է, որը Կենտրոնական բանկի կարգավորումներից դուրս է։ Այնպես, ինչպես առանձին ապրանքների բարձր գնաճն է։ Դրանց վրա ԿԲ-ն թիրախային ազդեցություն չունի։

Փոխարենը՝ այն ամբողջությամբ գտնվում է գործադիր իշխանության դաշտում։

Ի՞նչ է արել կամ պատրաստվում անել կառավարությունը, որպեսզի այդ ազդեցությունը հասարակության ցածր եկամուտներ ունեցող խավերի վրա հնարավորինս թույլ լինի։

Նախորդ տարվա բարձր գնաճից հետո, մինչև հիմա, կարելի է ասել՝ ոչինչ չի արել։ Ըստ էության, այս տարի այլևս չի էլ պատրաստվում անել։ Առավելագույնը, որը կարող է լինել, նաև գազի սոցիալական սակագնի պահպանումն է։ Բայց դա, միևնույն է, մեծ բան չի տալու հասարակության անապահով հատվածին, որովհետև մյուս բոլոր սպառողների նման, նրանք էլ են առնչվելու հանրային ծառայությունների սակագների բարձրացման հետևանքով տնտեսությունից ու այլ ոլորտներից թելադրված գնաճի հետ։

Գնաճի պայմաններում կառավարության խնդիրը պետք է լինի ոչ միայն առանձին շուկաներում ու ապրանքային խմբերում անհարկի թանկացումների դեմ պայքարը, այլև անապահով հատվածի եկամուտների ավելացումը։

Գնաճ կա ոչ միայն՝ Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում։ Դրանից խուսափել պարզապես անհնարին է։ Բայց կան նաև գնաճից հասարակությանը, առավել ևս՝ ցածր եկամուտներ ունեցող խավերին պաշտպանելու միջոցներ, որոնք կիրառում են բազմաթիվ երկրներ։ Թերևս, դա է պատճառը, որ դրանցում գնաճի հետևանքները սպառողներն այդքան ցավոտ չեն տանում, որքան Հայաստանում։

Հայաստանում գնաճը խնդիր է շատերի համար նաև այն պատճառով, որ ցածր են մարդկանց եկամուտները։ Ու երբ դրան զուգահեռ՝ առնչվում են այնպիսի թանկացումների, որոնք երբեմն հասնում են 40-50 տոկոսի, սոցիալական խնդիրներն առավել քան սրվում են։ Այսպիսի իրավիճակներում լավագույն լուծումը մարդկանց եկամուտների ավելացումն է։ Դա կարող է լինել՝ ինչպես տնտեսության զարգացումների, այնպես էլ՝ իրականացվող սոցիալական քաղաքականության միջոցով։

Բայց, ինչպես տեսնում ենք, կառավարության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականությունը նման հիմքեր չի տալիս, իսկ տնտեսության զարգացումներն այնպիսին չեն, որպեսզի հնարավոր լինի ակնկալել հասարակության եկամուտների ցանկալի աճը։ Աճ, որը թույլ կտա գոնե չեզոքացնել գնաճի ազդեցությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս