«Իշխանությունները փորձում են ինքնախաբեությամբ զբաղվել». Տնտեսագետը՝ նախարարի հրապարակած ցուցանիշների մասին

Կառավարության հերթական նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների տնտեսության մասին նախնական տվյալներ է «հանել». ասել է թե՝ ապացուցելու, որ մեր տնտեսական դիրքերն ամենևին չեն զիջում, ու դեռ մի բան էլ՝ առաջանցիկ են:

Ըստ այդ ցուցանիշների՝ Ռուսաստանում տնտեսական աճը եղել է 4.4-4.5, իսկ գնաճը՝ 8.4-8.5 տոկոսի սահմաններում, Բելառուսում համապատասխանաբար՝ 2.3 և 10 տոկոս, Ղազախստանում՝ 3.5 և 8.4 տոկոս, Ղրղըզստանում՝ 3.6 տոկոս տնտեսական ակտիվություն, գնաճը՝ 1.2 տոկոս: Մեր երկրում՝ 5.8 տոկոս տնտեսական աճ և 7.7 տոկոս գնաճ:

«Այսինքն՝ մենք մեր միության երկրներում ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը, և սա ևս կարևոր է ընդգծել, որպեսզի ցույց տանք, որ այնուամենայնիվ մեր քաղաքականությամբ կարողացել ենք երկու առումով էլ դրականորեն առանձնանալ մեր ակումբակից երկրների շարքում»,- արձանագրել է Վահան Քերոբյանը:

Թե որքանո՞վ են օբյեկտիվ ու համադրելի այս ցուցանիշները՝ 168.am-ը հետաքրքրվեց տնտեսագետ Սուրեն Պարսյանից:

«Ակնհայտ է, որ գործող իշխանությունները փորձում են ինքնախաբեությամբ զբաղվել, և տնտեսական ցուցանիշները մեկնաբանում են յուրովի, իրենց տեսանկյունից: Նրանք մոռանում են նշել, որ 2020 թվականի ճգնաժամի տարվա ընթացքում Հայաստանը այդ ակումբային երկրներից ամենաշտ անկում գրանցած երկրներից մեկն է. մեզանից բարձր անկում ուներ միայն Ղրղըզստանը,- հիշեցրեց տնտեսագետը՝ մանրամասնելով,- Վատ ցուցանիշի պայմաններում, ուղղակի իներցիոն իրավիճակում դու կգրանցես բավականին դրական արդյունք: Մենք 2020 թ. ունեցել ենք 7.4 տոկոս անկում, 2021 թ., իներցիոն գործընթացներով պայմանավորված՝ ունենք 5.8 տոկոս աճ: Մենք նույնիսկ չենք կարողացել հասնել 2019 թվականի ցուցանիշներին՝ այն դեպքում, երբ իրենց մատնանշած երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, գերակատարել են 2019 թ. ցուցանիշները: Այսինքն՝ իրենք 2020 թ. կորուստները վերականգնել են, իսկ Հայաստանը՝ ոչ»:

Անդրադառնալով գնաճի ցուցանիշների շուրջ համեմատականներին՝ Սուրեն Պարսյանը նկատեց, որ այդ երկրներում գնաճային ցուցանիշները բարձր են՝ պայմանավորված դրամավարկային քաղաքականությամբ, քաղաքական պրոցեսներով: Նա, սակայն, շեշտեց, որ խնդիրը գնաճը չէ, այլ մարդկանց եկամուտների համաչափ աճը:

«Օրինակ, ՌԴ-ում գնաճը կազմել է 8.2 տոկոս, բայց ՌԴ կառավարությունը 2022 թվականի հունվարի 1-ից թոշակներն ավելացրել է 8.4 տոկոսով: Այսինքն՝ անցյալ տարվա գնաճը գործող կառավարությունն ամբողջությամբ փակել է:

Խնդիրը գնաճի ցուցանիշները չեն, այլ՝ արդյո՞ք կառավարությունները կարողացել են մարդկանց եկամուտները համաչափ ավելացնել. այդ երկրները հաջողել են, Հայաստանը՝ ոչ: Մենք ունենք 7.2 տոկոս գնաճ՝ այն դեպքում, երբ 2022 թվականի հունվարի 1-ի բյուջեով մենք չունենք եկամուտների աճ (թոշակառուների և նպաստառուների ընդամենը 17 տոկոսի մոտ է 2000-3000 դրամ ավելացել):

Այսինքն՝ իրավիճակը պետք է գնահատեն ոչ թե թվերի տեսանկյունից, այլ մարդկանց կենսամակարդակի փոփոխության տեսանկյունից. այդ երկրներում աղքատությունը այդքան չի խորացել՝ ինչքան մեզ մոտ, քանի որ մարդկանց եկամուտներն ավելի արագ են աճել, քան գնաճը»,- եզրափակեց տնտեսագետը:

Տեսանյութեր

Լրահոս