Անընդհատ հրապարակվող թուրքական նախապայմանները ցույց են տալիս, թե ինչպիսին է լինելու հայ-թուրքական հարաբերությունների ձևաչափը. Եվսեև
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը հայ-թուրքական երկխոսության և դրա իրական օրակարգի, նախապայմանների վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները սկսելով հայ-թուրքական երկխոսությունը՝ փորձում են տպավորություն թողնել, թե այդ գործընթացն առանց նախապայմանների է սկսվում, թուրքական կողմը պարբերաբար հիշեցնում է Հայաստանին, թե ինչ օրակարգով է բանակցում Հայաստանի հետ:
Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ անգամ ցուցադրել է իր հավատարմությունը խաղաղությանն ու դիվանագիտությանը։
Նա նշել է, որ Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերսկսվում է, սակայն մինչ այդ պահը կողմերը երկար ճանապարհ են անցել, հավելելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքները տարածաշրջանում ստեղծել են հարաբերությունների կարգավորման և խաղաղության հնարավորություն։ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը համաձայնեցվում են Ադրբեջանի հետ»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, «Թուրքիան չի մասնակցի որևէ նախաձեռնության, որը Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունն աննպատակահարմար կհամարեն»։
Եվ մեջբերել է Էրդողանի այն հայտարարությունը, որ «եթե Հայաստանը հեռու մնա այդ պահանջներից և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր ագրեսիվ վերաբերմունքից, ապա կարող է ի հայտ գալ տարածաշրջանի այլ պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի մասնակցությամբ խաղաղ լայնամասշտաբ մեխանիզմի տեսլականը»:
Չելիքը հավելել է, որ եթե Էրդողանը տարածաշրջանային խաղաղությանը նպաստելու և Սև ծովում ճգնաժամը կանխելու նպատակով վճռականորեն շարունակում է այդ առաքելությունը, և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի հավանությամբ և համաձայնությամբ՝ «Մեկ ազգ՝ երկու պետություն» հասկացության շրջանակում։ Եվ փաստորեն, նույնիսկ վերսկսված երկխոսության պայմաններում Թուրքիան ամենաբարձր մակարդակով հրապարակային ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցված են հայ-ադրբեջանական հարաբերություններին, և կրկին անգամ հաստատում, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր բոլոր պահանջներից և համաձայնի այն ամենին, ինչ առաջարկում են Թուրքիան ու Ադրբեջանը:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ շատ կարևոր է այն հանգամանքը, որ Թուրքիան և Ադրբեջանն անընդհատ ընդգծում են այն հանգամանքը, որ Հայաստանը, որպես պատերազմում պարտված կողմ, որևէ պահանջի իրավունք չունի:
Նրա խոսքով, այս մասին անընդհատ ասվում է, որպեսզի հետդարձի հնարավորություն և նոր՝ ավելի ամուր դիրքերի հնարավորություն Հայաստանը չունենա:
Նա հիշեցրեց, որ մի կողմից՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը հանդիպում է, և պաշտոնական տեքստ է հրապարակվում, որ երկխոսությունը տեղի է ունենում առանց նախապայմանների, մյուս կողմից՝ Թուրքիան իր իրական ասելիքը Հայաստանին, հայ ժողովրդին փոխանցում է իր տարբեր այլ խողովակների միջոցով: Եվսեևի խոսքով, դա տեղի է ունենում ներկայացուցիչների հանդիպումից առաջ, հանդիպումից հետո, երբ իբրև թե երկխոսությունը հաստատված է և պետք է որ հարաբերությունների ֆոնն ավելի դրական լինի:
«Սա, ի դեպ, Թուրքիան անում է իր այլ գործընկերների դեպքում ևս: Հայաստանի պարագայում Թուրքիան չի խորշում ցույց տալ, որ շարունակելու է Հայաստանի հետ հարաբերվել ուժի, պահանջողի դիրքերից՝ պատրաստ չլինելով ընկալել այլ երկրի, այս դեպքում՝ Հայաստանի դիրքորոշումը որևէ հարցում: Սա իրականում ցուցիչ է նրա, թե ինչպիսին են լինելու հայ-թուրքական հարաբերությունները, ինչ ձևաչափ են ունենալու դրանք, հետևաբար՝ հեշտությամբ կարելի է հասկանալ, թե որքանով դրանից կշահի Հայաստանը, եթե հարաբերությունների այդպիսի ձևաչափ է ուրվագծվում, որում երկիրը որևէ դիրքորոշում հայտնելու, իր շահերը պաշտպանելու տարածություն չունի, և որում հրապարակային կերպով հայտնում են, որ Ադրբեջանի հետ բոլոր հարցերը պետք է լուծել, այլապես հայ-թուրքական բանակցային գործընթացը չի հաջողվի, թեև հաջողությունը թուրքական կողմը պատկերացնում է միմիայն թուրքական սցենարով: Նման իրավիճակում ինձ նաև բարդ է թվում ընդհանուր առմամբ երկխոսությունը, երբ անընդհատ պահպանվում է սպառնալիքների լեզուն, կոշտ հռետորաբանությունը»,- ասաց վերլուծաբանը:
Նա չի բացառում նաև, որ Ադրբեջանի հետ Հայաստանի որոշ գործընթացներ անուղղակիորեն կապվեն հայ-թուրքական բանակցություններին:
«Օրինակ, հայտնի է, որ սահմանազատման-սահմանագծման հանձնաժողով ձևավորելու հարցի շուրջ չի հաջողվում կոնսենսուսի հասնել, սա հարց է, որը կարող է հասնել նաև հայ-թուրքական օրակարգ, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը գոնե անկեղծ են այն մասով, որ հարաբերությունները փոխպայմանավորված են, և առանց մեկը մյուսի՝ ոչինչ չի կարող տեղի ունենալ: Կարծում եմ՝ սա հիանալի հասկանալով՝ ՀՀ իշխանությունները համաձայնել են գործընթացին, կարծես դիմադրություն չկա, ավելին՝ պաշտոնական հաղորդագրություններում ակնարկներ և հույսեր են հնչում այն մասին, որ Թուրքիան կարող է զսպել Ադրբեջանին՝ հանուն Հայաստանի կամ հայ-թուրքական հարաբերությունների:
Սա, իհարկե, մոլորություն է, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը հրապարակային այլ բան են անում, պարզապես հայկական կողմը խնդիր ունի գործընթացը ներկայացնել հնարավորինս հայաստանամետ, որը, իհարկե, չի հաջողվում: Եթե նույնիսկ մոռանանք Էրդողանի, Չավուշօղլուի բոլոր հայտարարությունները, ապա այս նոր՝ վերջին հայտարարությունն իշխող կուսակցության խոսնակի կողմից շատ հասկանալի լեզվով շարադրված է, որի մեկ այլ նպատակն է նաև Հայաստանին նախապատրաստել սպասվող իրավիճակներին: Եթե դա նախապայման չէ, թելադրվող իրավիճակ չէ, ապա ի՞նչ է»,- ասաց Եվսեևը:
Վերջինս այն կարծիքին է, որ ռազմական լայնածավալ էսկալացիաների մեծ վտանգ տարածաշրջանում չկա, քանի որ դիմադրություն չկա: