«Գիտեմ, որ առկախվել է և ժամանակավոր, տեսնենք՝ երբ կնշվի». Արման Սարգսյանը՝ բանակի օրվա մասին
Ըստ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի, եթե սահմանին որևէ խնդիր է լինում, ապա այդ մասին նախարարությունն իր տարածած հաղորդագրության մեջ մանրամասն ներկայացնում է։
Ինչ վերաբերում է հայոց բանակի 30-ամյակի միջոցառմանը, որն այդպես էլ չկայացավ, ապա հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն այդ շրջանում վարակվեցին, փոխնախարարն ըստ էության խուսափեց հստակ պատասխան տալ հարցին, պարզապես խորհուրդ տվեց լրագրողներին հետևել Առողջապահության նախարարության հայտարարություններին, որ վարակվածների թիվն անցել է 3 հազարը։
Հարցին՝ կնշվի՞ բանակի տոնը, Արման Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել մի բան, որի մասին հստակ տեղեկատվություն չունեմ։ Գիտեմ, որ առկախվել է և ժամանակավոր, տեսնենք՝ երբ կնշվի։ Նման բան չի կարելի ասել, թե չենք կարևորում բանակը, դրա համար էլ տոնը չենք նշում, որովհետև կատարվել էին նախապատրաստական աշխատանքներ, հրավիրատոմսեր էին ուղարկվել, նաև մի շարք միջոցառումներ էին նախատեսվել, որոնք ուղղակի կասեցվեցին՝ հույս ունեմ, որ կասեցվեցին»։
Թե ինչո՞ւ տոնական ուղերձներ չհնչեցին Պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի կողմից, Արման Սարգսյանը պատասխանեց, որ, երբ ԳՇ պետին ու ՊՆ-ին հարցնելու հնարավորություն ունենան, կարող են հարցնել։
«ՊՆ-ում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ տարվա կատարած աշխատանքները, և դրանից հետո, երկրորդ հանդիսավոր մասում հնչեցին շնորհակալական խոսքեր, շնորհավորանքներ։ Սա կարելի էր համարել համազգային տոն, այդ տրամաբանությամբ էլ սկսվել էին նախապատրաստական աշխատանքները, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով հետաձգվեց»,- եզրափակեց Արման Սարգսյանը։