Ինչպես են ՀՀ քաղաքացիները վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերություններին․ ա​մերիկյան IRI կազմակերպությունը հարցում է անցկացրել

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ա​մերիկյան IRI կազմակերպությունը Հայաստանում հանրային կարծիքի հարցման հերթական արդյունքներն է հրապարակել (հարցումն իրականացվել է 2021թ. նոյեմբեր-դեկտեմբերին)։

Հարցման որոշ արդյունքներ կարևոր են՝ հասկանալու համար, թե ինչպես են ՀՀ քաղաքացիները վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերություններին։

Ահա որոշ արդյունքներ (հարցման ամբողջական արդյունքները տեղադրում եմ մեկնաբանություններում).

▪️Հարցվածները ճնշող մեծամասնությունը Թուրքիան (90%) և Ադրբեջանը (77%) համարում են Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։

Ճնշող մեծամասնությունը վերջիններիս համարում է նաև անվտանգային (88 և 81 % համապատասխանաբար) և տնտեսական սպառնալիք (68 և 52 % համապատասխանաբար)։

▪️ Միայն 5%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է զարգանան, որպեսզի Հայաստանի զարգանա։

▪️Միայն 29%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ պետք է հաստատվեն առանց նախապայմանների հարաբերությունները։ Հարցվածների շուրջ կեսը գտնում է, որ Թուրքիայի հետ պետք է սկսել երկխոսությունը, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մնա մեր օրակարգում։ Իսկ 48%-ը նաև կարծում է, որ Հայաստանը պետք է առաջադրի իր նախապայմանները։

▪️Հարցվածների մեծամասնությունը (շուրջ 59%-ը) գտնում է, որ Ադրբեջանի հետ տրանսպորտային ճանապարհների բացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսական զարգացման վրա (27%-ը հակառակն է կարծում)։ Գրեթե նույնն է պատկերը Թուրքիայի հետ ճանապարհների բացման հարցում (53%-ը գտնում է, որ Հայաստանի վրա բացասական կազդի)։
Եթե վերոնշյալը համադրենք հարցման այլ արդյունքների հետ, ապա կարող ենք փաստել, որ չնայած ՀՀ դե ֆակտո իշխանությունների ու տարատեսակ մարգինալ խմբերի կողմից արդյունաբերական ծավալներով իրականացվող պրոթուրքական քարոզին («խաղաղության դարաշրջանի» կեղծ օրակարգի անվան տակ), ՀՀ բնակչության մեծամասնությունը, բարեբախտաբար, հասկանում է, որ Թուրքիան և Ադրբեջանը նպատակ ունեն ոչնչացնել Հայաստանը որպես քաղաքական ինքնուրույն գործոն և իրական խաղաղության մասին որևէ խոսք չկա։

Մնում է, որ ազգային ուժերը կարողանան կապիտալիզացնել այս տրամադրությունները՝ առաջին հերթին խաթարելով հակահայկական օրակարգի զարգացումը (Արցախից հրաժարումից մինչև միջանցքի տրամադրում) և ապա հասնեն կապիտուլիանտ իշխանությունների հեռացմանը։

#խաղաղությանվկաները #հարևաններ #հարցում
ավելի օպերատիվ կարելի է կարդալ իմ թելեգրամ ալիքում»։

Տեսանյութեր

Լրահոս