Բաժիններ՝

«Զինվորն արդեն ներկայացվել է քննության, ամեն ինչ կպարզվի». Արման Սարգսյանը՝ զորամասը լքած զինվորի մասին

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ զորամասը լքած զինվորի հարցին, որը,  ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զորամասը լքել է, որովհետև նրան ստիպել են զուգարանը մաքրել։

«Հստակ տեղեկատվություն, որ ունենք, այն է՝ զորամասն ինքնակամ լքած զինվորի մասին է։ Այս փաստի մասին սկսվել է  քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն է պատճառ հանդիսացել զորամասն ինքնակամ թողնելու։ Եթե պարզվի, որ բարձրացրած ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ, որովհետև մեզ էլ է մտահոգում վերջին ժամանակահատվածում, ենթադրում եմ, կարող եմ նաև ասել, որ տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան»,- նշեց Արման Սարգսյանը։

Ըստ նրա, քանի որ այս պահին ընթանում է քննություն, ապա դրա մանրամասների մեջ չի մտնի, ավելին՝ իրենց համար ձեռնտու է, որ պարզվեն բոլոր հանգամանքները, որոնք պարունակում են ճշմարտություն։

«Հարազատներն ահազանգում են, բայց երբեմն լինում են դեպքեր, երբ այլ պատճառ է լինում, օրինակ, զինվորն ինչ-որ պատճառով գնացել է, իսկ ընտանիքը՝ որպես պատճառաբանություն, բերում է հրամանատարների կոպիտ խոսքերը, ծառայակիցներին կամ մեկ այլ բան։ Հիմա ասում եմ՝ պաշտպանության նախարարից սկսած՝ բոլորը շահագրգռված են, որպեսզի պարզվի իրականությունը, եթե լինի զինվորի նկատմամբ նույնիսկ փոքր ուժի գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները։ Բնականաբար, զինվորն արդեն ներկայացվել է քննության, ամեն ինչ կպարզվի»,- շեշտեց Արման Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս