Կարծում ենք, որ այս ամեն ինչի մեղավորը Կենտրոնական բանկն է. Վարորդները՝ ԱՊՊԱ-ի թանկացման մասին
Հայաստանի ավտոապահովագրական բյուրոն հունվարի 27-ին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ փետրվարի 7-ից ԱՊՊԱ-ն թանկանալու է 3000 դրամով:
Վարորդների խոսքով՝ այս փոփոխության բացասական հետևանքներից մեկը կլինի այն, որ մարդիկ կխուսափեն ԱՊՊԱ ծառայությունից, ու վիճաբանություններ կլինեն մեղավոր փնտրելու հարցում: Ուստի նրանք փետրվարի 3-ին բողոքի ակցիա կազմակերպեցին Կենտրոնական բանկի դիմաց՝ հայտնելով իրենց դժգոհությունը: Ճիշտ է, Հայաստանի ավտոապահովագրական բյուրոն անկախ ֆինանսական կառույց է, սակայն գտնվում է Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո:
«Կարծում ենք, որ այս ամեն ինչի մեղավորը Կենտրոնական բանկն է, քանի որ Ապահովագրական բյուրոյին ամենաթողություն է տվել: Ապահովագրական ընկերություններն էլ մեղք չունեն, որովհետև սահմանափակումների պատճառով ստիպված գնում են որոշակի քայլերի, որ, այսպես ասած, պարտքերը փակեն: Դրա համար մեր ակցիան ուղղված է ԿԲ-ի դեմ: Պատրաստվում ենք երկուշաբթի օրն էլ Ապահովագրական բյուրոյին հիշեցնել մեր շունչը: Իսկ եթե մինչև երկուշաբթի քայլեր չձեռնարկեն՝ կմտածենք համարժեք քայլեր ձեռնարկել: Մեր պահանջները բարդ չեն. վերացնում են որոշումը կամ հետաձգում են՝ մինչև հանրային քննարկումներ լինեն, ժողովրդի արձագանքը լսելի լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանը:
Նրա խոսքով, Ապահովագրական բյուրոն անցած տարի որոշում է կայացրել, որ համակարգի փոփոխություն է անում. առաջինը՝ բոլորի համար 3000 դրամով թանկանում է ԱՊՊԱ-ն, իսկ երկրորդ փոփոխությամբ փոփոխվում է հաշվարկի համակարգը:
«ՀՀ ապահովագրական պորտֆելը տարեկան միջին հաշվով կազմում է 22 միլիարդ դրամ: Ասում ենք՝ հիմնավորեք, որ փոփոխությունից հետո տարեկան 22 միլիարդ դրամը չի գերազանցի: Եթե գերազանցելու է, ակնհայտ միտում ենք տեսնում, որ դիտավորյալ տանում են թանկացման»,- նշեց Արտակ Խաչատրյանը:
Ապա նա փորձեց «ստիկեր» փակցնել սյանը, ինչի համար բերման ենթարկվեց:
Մյուս վարորդները հանդիպում պահանջեցին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ:
Վարորդներից մեկն էլ հարցրեց․ «Եթե ԱՊՊԱ-ն աշխատում է վնասով, այդ դեպքում ինձ ո՞նց կարող է զեղչ առաջարկել»: