
Ըստ գիտնականների, «օմիկրոն» BA.2 ենթատեսակն ավելի վարակիչ է, քան սկզբնական շտամը

Դանիացի գիտնականները պարզել են, որ «օմիկրոն» BA.2 կորոնավիրուսային շտամի ենթատեսակը զգալիորեն ավելի վարակիչ է, քան սկզբնական BA.1 շտամը, սակայն պատվաստանյութը նվազեցնում է վիրուսի փոխանցման ռիսկը։ Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Շիճուկի դանիական պետական ինստիտուտը:
BA.2 ենթատեսակը հայտնաբերվեց այս տարվա սկզբին և արագ դարձավ Դանիայում կորոնավիրուսի գերիշխող տարբերակը՝ փոխարինելով նախնական օմիկրոնի շտամը:
Ինստիտուտի տվյալներով՝ վարակված անձի կողմից իրենց ընտանիքի անդամներին վարակելու վտանգը կազմում է 39%, այնինչ` օրիգինալ օմիկրոնի դեպքում այն կազմում էր 29%։
«Վերլուծությունները ցույց են տալիս, որ և՛ պատվաստված, և՛ չպատվաստված մարդիկ ավելի զգայուն են BA.2-ի, քան BA.1-ի նկատմամբ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստվածները, հատկապես նրանք, ովքեր կրկին պատվաստվել են, շատ ավելի հազվադեպ են վարակվում և վարակը շատ ավելի քիչ են փոխանցում և՛ BA.1, և՛ BA.2-ի դեպքում»,- նշել է Շիճուկի դանիական պետական ինստիտուտի մասնագետ՝ Կամիլ Հոլտեն Մյոլերը։
Ինստիտուտն ընդգծում է, որ ուսումնասիրությունը դեռևս չի ենթարկվել վերանայման:
Հետազոտությունն անցկացրել են Շիճուկի դանիական պետական ինստիտուտի, Կոպենհագենի համալսարանի և Դանիայի տեխնիկական համալսարանի մասնագետները: