
Բլինքենը Լավրովի հետ զրույցում կոչ է արել Ռուսաստանին հեռացնել զորքերը Ուկրաինայի սահմանից

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Միացյալ Նահանգների գրավոր պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
Ըստ խոսնակի՝ զրույցի ընթացքում պետքարտուղար Բլինքենը ընդգծել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը երկկողմ ձևաչափով և դաշնակիցների ու գործընկերների հետ համատեղ ջանքերով շարունակելու կարծիքների փոխանակումը անվտանգության փոխադարձ անհանգստությունների վերաբերյալ:
«Նա նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը ինչպես Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, այնպես էլ բոլոր երկրների իրավունքին՝ որոշելու իրենց արտաքին քաղաքականությունը և ընտրելու իրենց դաշնակիցներին: Պետքարտուղարը լարվածության անհապաղ թուլացման (դեէսկալացիայի) և զորքերն ու զինտեխնիկան Ուկրաինայի սահմաններից հեռացնելու կոչ է արել Ռուսաստանին: Նա ընդգծել է, որ հետագա ներխուժումը Ուկրաինա կհանգեցնի շատ արագ և ծանր հետևանքների, և կոչ է արել Ռուսաստանին գնալու դիվանագիտական ճանապարհով», – հաղորդել է Պետդեպի խոսնակը: