«Գուցե համարում եմ, որ ես այն ճանապարհը չեմ անցել, որն անցել է պարոն Խաչատուրյանը». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի լիազորությունների ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այսօր նախագահականում ծանոթացել է նախագահի աշխատակազմի հետ, շրջել է շենքում, ծանոթացել է պայմաններին։

«Հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչ գործառույթներ կան այս պահին, որոնք անհետաձգելի են, այս պահին ես դրանով եմ զբաղված։ Ես նոր եմ վերադարձել նախագահականից, օրենսդրությունը մի քիչ կարգավորված չէ, չգիտեմ` այնտեղ լինե՞մ, թե՞ խորհրդարանում։ Անկեղծ, ինձ այստեղ՝ ԱԺ-ում է հոգեհարազատ։ Օրվա ինչ-որ հատված երևի կանցկացնեմ նախագահականում, հետո կլինեմ այստեղ, որովհետև ես ուզում եմ լինել պատգամավոր, բայց ասում են, որ հիմա նույնիսկ քվեարկելու իրավունք չունեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Թե ինչո՞ւ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, Ալեն Սիմոնյանը նկատեց՝ ի վերջո, նա էլ է ՔՊ-ի թիմից, ճիշտ է, կուսակցական չէ, սակայն այս պահին կառավարության անդամ է։

«Ինչ թեկնածու էլ լիներ, մի բան ասվելու էր։ Թե ինչու եմ ես ինքնաբացարկ հայտնել, որովհետև կարծում եմ՝ ԱԺ-ում ես իմ գործը լավ եմ անում, պատասխանատու աշխատանք եմ անում։ Շատ ու շատ պատճառներ կան, գուցե համարում եմ, որ ես այն ճանապարհը չեմ անցել, որն անցել է պարոն Խաչատուրյանը։ Վերջիվերջո, երկրին պետք է պատասխանատու ձևով մոտենալ, և այդ պատասխանատվության զգացողությունը շատ բարձր է, և դա նույնպես դեր խաղաց՝ իմ որոշման հետ կապված։ Ասում եմ՝ եղել են շատ արժանի թեկնածուներ, նաև կին թեկնածու, թե ով է եղել՝ չեմ ասի»,- շեշտեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ կարծիք կա, թե երկար ժամանակ Վահագն Խաչատուրյանը հարել է Հայ ազգային կոնգրեսին, հետևաբար՝ կարծիքների տարբեր բախումը կարող է տասնյակների հասնել, ուստի կարծում է, որ չեն հասցնի այդ բոլոր կարծիքներին պատասխանել։

«Ես վերջին պաշտոնյան եմ եղել, որ հանդիպել եմ Արմեն Սարգսյանի հետ, սակայն հրաժարականի վերաբերյալ որևէ ակնարկ չի եղել։ Ես ի գիտություն եմ ընդունում այն հայտարարությունը, որն արել է ՀՀ չորրորդ նախագահը, դրանից ավելի ինձ մի ներքաշեք, կոռեկտ չեմ համարում դրա մեջ մտնել»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս